Ինչ նմանություն ունեն հակառուսական և հակաարևմտյան մտասևեռման կրողներն ու սելֆիով տարվածները. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հոգեբույժների միջազգային հանրությունը, կարծես թե, համաձայնության է եկել այն հարցում, որ սելֆիով տարված լինելը հոգեկան շեղման տարրեր է պարունակում:

Բայց կարծում ենք քննարկման առարկա է նաև հարցը, թե արդյո՞ք հոգեկան շեղման տարրեր պարունակում է քաղաքական և աշխարհքաղաքական մտասևեռումը: Օրինակ՝ սոցիալական ցանցերի հայրենական տիրույթներում կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ինքնազգացողության պրոբլեմներ են ունենում, եթե օրվա ընթացքում առնվազն երեք-չորս անգամ իրենց ֆեյսբուքյան պատին չեն տեղադրում մի այնպիսի նյութ, որի վերևում հնարավոր չէ գրել մոտավորապես հետևյալ ոճի մի մեկնաբանություն բա հիմա ի՞նչ եք ասելու, այ պուտինական տականքներ, կամ Պուտինի ճիվաղային քաղաքականության հերթական ապացույցը։ Իրենց ամենօրյա միսիան կատարելու համար այս մարդիկ գտնում-պեղում են ամենաանտիկվար, դեղին, կիսադեղին կայքերը: Եթե բախտները բերում է, նյութեր են գտնում նաև լրջագույն լրատվամիջոցներից:

Սրան հակառակ կան հակաարևմտյան մտասևեռման կրողներ, որոնք նույն տրամաբանությամբ գտնում և իրենց պատերին են տեղադրում այնպիսի նյութեր, որոնք, միանշանակ, պետք է ցույց տան Արևմուտքի փտած լինելը; «Հայրը Լոնդոնում ամուսնանում է դստեր հետ», «Գեյերը ԱՄՆ-ում ամուսնացել են բիսեքսուալների հետ. ընտանիքում երկու հայր կա երեք մայր, մայրերից մեկը տղամարդ է, մնացածը՝ կին», ահա հակաարևմտյան մտասևեռում ունեցողների պեղածգտած նյութերը։

Խնդիրն ամենևին այն չէ, թե տարածվող տեղեկատվության որ մասն է իրականություն, որ մասը մտացածին: Ի վերջո, սելֆիի մեջ ոչ մի սարսափելի բան չկա. մարդը սիրում է ինքն իրեն նկարել: Բայց խնդիրը ոչ թե սեփական հեռախոսով նկարվելն է, այլ մտասևեռվածությունը: Գիտնականները հաշվել են, որ հոգեկան շեղում է օրվա ընթացքում 6-ից ավել սելֆի ունենալը: Ուրեմն կարծում ենք՝ նույնպիսի հոգեկան շեղում է Ռուսաստանի համար բացասական տեղեկատվություն պարունակող նյութերը չնկատելը և Արևմուտքի մասին նույնիսկ ակնհայտ տխմար տեղեկատվություններով սեփական ֆեյսբուքյան էջը զարդարելը: Նույնը վերաբերում է հակառակին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս