Քաղաքապետարանը շարունակում է իր անպատասխանատու աշխատելաոճը. փառատոն են հետաձգում և չեն զգուշացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված է եղել, որ օգոստոսի 2-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երեւան Տարազ-ֆեստ» փառատոնը: Ուստի գիդերը եւ էքսկուրսավարները նշված օրը մեծ թվով զբոսաշրջիկների ուղեկցել են Հյուսիսային պողոտա՝ նշված փառատոնին հետեւելու համար, սակայն պարզվել է, որ այն չի կայանալու, ընդ որում, առանց զգուշացման:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանը խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Փառատոնը կանցկացվի օգոստոսի 5-ին: Ընդամենը տեխնիկական խնդիր է եղել` պայմանավորված Համահայկական խաղերի բացման արարողությամբ: Ուստի որոշում է կայացվել փառատոնը տեղափոխել: Ցավոք սրտի, հայտարարություն չի արվել»: Ասել է թե՝ քաղաքապետարանը թույլ է տվել անպատասխանատվություն երեւանցիների ու հյուրերի նկատմամբ:

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը Մարիա Բարաղամյանն է, որը միաժամանակ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջի պատասխանատուն է, ողջ օրը զբաղված է իր սրճարանային եւ ռեստորանային այցերի լուսանկարները սոցիալական ցանցերում տարածելով: Եթե նա մեկ-մեկ իր պաշտոնեական պարտականությունները կատարեր, միգուցե չէր մոռանա, որ փառատոների հետաձգման մասին հարկավոր է նախապես հայտարարել, ի վերջո, դա մարդկանց համար է կազմակերպվում, ոչ թե Տարոն Մարգարյանին շնորհակալություն հայտնելու:




Լրահոս