ԱՂՋԻԿՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔ ԿԱՐԱՈԿԵ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարբեցողություն, խանդ, միմյանց չհասկանալու դրսեւորում: Ահա այսպիսին են կարաոկե ակումբներում աղջիկների ծեծկռտուքի, ինչպես նաեւ աղջիկներին ծեծի ենթարկելու հիմնական պատճառները: Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ալեք Մանուկյան 1/5 հասցեում գտնվող “Ամստերդամ” կարաոկե ակումբում աղջիկների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը:
Այս առիթով “Ժողովուրդ”-ը եղավ “Ամստերդամ” կարաոկե ակումբում, որի աշխատակիցները նշեցին, թե ակումբի տնօրենի հետ կարող ենք հանդիպել միայն երեկոյան ժամը 8-ից հետո: Երեկոյան ժամը 9:00-ին հերթական անգամ այցելեցինք ակումբ: Նկատեցինք, որ այնտեղ այդ ժամին, բացի աշխատակիցներից, ոչ ոք չկար: Տեղեկացանք նաեւ, որ ակումբն ունի երկու տնօրեն: Տնօրեններից մեկը՝ Արշիկը, հաստատեց տեղեկությունը: “Այո՛, աղջիկների ծեծ եղել է, մեկին ճանաչում ենք, մյուսն էլ հաճախորդ է եղել”,-պատրաստակամ կերպով ասաց տնօրենը: Մինչ Արշիկը շարունակում էր պատմել, թե ինչ է եղել ակումբում, տնօրենի աշխատասենյակ մտավ մի երիտասարդ, ագրեսիվ կերպով ընդհատեց տնօրենին եւ սկսեց հարցուփորձ անել, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչ ենք: Երիտասարդը ներկայացավ որպես տնօրենի եղբայր:
Իրավիճակն ավելի լարվեց, երբ տնօրենի աշխատասենյակ մտավ երրորդ անձը, եւ նախորդ երիտասարդի հետ սկսեցին լկտի տոնայնությամբ հարցեր տալ եւ ցինիկաբար ծիծաղել: “Մի խոսքով, քուրի՛կ ջան, տենց բան, հա՛, եղել է, ու այդ աղջիկներին բերման են ենթարկել ոստիկանություն: Մենք ձեզ բան չունենք ասելու, ընենց որ այդ աղջիկները թող իրենք իրենց հաշիվները մաքրեն ոստիկանությունում: Ցտեսություն”,-ասաց երիտասարդը: 
Այդ ընթացքում ակումբի տնօրեն Արշիկը, որը մինչ այդ պատրաստակամ կերպով ցանկանում էր  պատմել ողջ եղելությունը, լռեցվեց երիտասարդի կողմից եւ այլեւս ոչինչ չցանկացավ ասել: Միեւնույն ժամանակ Արշիկն ամեն կերպ ցանկանում էր հանգստացնել երիտասարդներին, սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց: Կատարվածից հետո մեզ մնում է արձանագրել, որ ակումբներում տեղի ունեցող ծեծկռտուքների դեպքերը միանգամայն համահունչ են կոնկրետ այս ակումբի կոնկրետ վերը նշված աշխատակիցների պահվածքին:
Ինչեւէ. դեպքի հետ կապված ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնում հետաքննություն է անցկացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Նկատենք, որ վերջին շրջանում բավական հաճախակիացել են նաեւ տարբեր ժամանցային վայրերում  աղջիկներին ծեծի ենթարկելու դեպքերը: 
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի 19.01.13 համարում




Լրահոս