«ՋԱԶԸ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ Է ՍԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 17-19-ը Երեւանում կանցկացվի ջազային փառատոն` Yerevan Jazz Fest-2015: Փառատոնի բացման մասնակիցների թվում են Աբրահամ Գումրոյանը` ԱՄՆ-ից, Նինո Կատամաձեն` իր Insight խմբով` Վրաստանից, Սերգեյ Մանուկյանը` Ռուսաստանից, Լորեն Ռոբինը` Ֆրանսիայից, Արթուր Սաթյանը` Լիբանանից, ինչպես նաեւ՝ երեւանյան ջազի հայտնի դեմքերը` Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը եւ այլք:

Սեպտեմբերի 18-ին կկայանա Ռիչարդ Բոնա բենդի համերգը, իսկ սեպտեմբերի 19-ին հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Մարիամ եւ Արմեն Մերաբովաները` Ռուսաստանից, Էռնա Յուզբաշյանը եւ Հյուբերտ Թաբսը` Ավստրիայից:
Փառատոնի բացմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը եւ Արցախի ջազ նվագախումբը: Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավար եւ խորհրդատու, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը, ով եւս ներկայանալու է փառատոնի բացման համերգին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայերը ջազ հասկացող, ջազ ստեղծող եւ ջազ նվագող ժողովուրդ են. «Նման փառատոններում անպայման ընդգրկվում է ժողովուրդը: Մեզ մոտ ջազ սիրողներն ավելի շատ են, քան թվում է: Իսկ ովքեր մոտ չեն այս երաժշտությանը, հնարավորություն կստանան հասկանալու ջազի լեզուն, գնահատելու դրա անմիջականությունն ու ռիթմիկան»:
Ջազմենի համոզմամբ Հայաստանում այս կերպ հնարավոր է վերականգնել միջազգային ջազ փառատոններ կազմակերպելու ավանդույթը. «Այնպես, ինչպես արվում էր տարիներ առաջ, երբ մենք հյուրընկալել էինք, օրինակ, Էլ Ջերոյին, նրա կարգի մեծությունների, այսօր էլ կարող ենք նույն մթնոլորտը ստեղծել: Սա լավ հնարավորություն է՝ ինքներս մեզ ճանաչելու, ճանաչել տալու եւ ուրիշների արվեստին ծանոթանալու համար»,-ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ջազ ստեղծագործողների եւ կատարողների պրոֆեսիոնալիզմի առումով մենք, կարծես, չենք զիջում, օրինակ` հարեւան Վրաստանին, մաեստրոն պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ մենք ոչ ոքի չենք զիջում, սակայն այս պարագայում հարցը զիջել-չզիջելու մեջ չէ, այլ փոխադարձ արժանիքները գնահատելու. ջազը համախոհներ է սիրում»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԱԶՆԱՎՈՒՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Բաթրունի միջազգային փառատոնին ներկայացրել է իր ամենագեղեցիկ երգերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը, վկայակոչելով Լիբանանի տեղեկատվության նախարարության ազգային լրատվական գործակալության կայքը, լեգենդար երգիչն օգոստոսի 1-ին ելույթ է ունեցել Բեյրութում: Ընդ որում, Ազնավուրը Բեյրութ է ժամանել՝ հատուկ Բաթրունի միջազգային փառատոնին (Festival international de Bathroun) մասնակցելու համար: Մշակութային այդ իրադարձությանը մասնակցել է Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը, ինչպես նաեւ՝ երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Կայքը գրում է, որ հայկական արմատներով երգիչը երգել է ու պարել` ցույց տալով իր ուրախությունը: Նա ելույթ է ունեցել առավել քան երկու ժամ` ներկայացնելով իր անմահ երգերը, ինչպես նաեւ՝ նոր ալբոմի ստեղծագործությունները:

 

ՀԱՄԱՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նշանադրության մասին հայտնի էր դեռեւս ամիսներ առաջ: Երաժիշտի կյանքում կարեւոր այդ իրադարձությունը տեղի ունեցավ 2014-ի հոկտեմբերին: Տիգրանի ընտրյալը Ելենան է Երեւանից:
Իսկ արդեն անցած շաբաթ օրը զույգը միմյանց հավերժ սիրելու երդում է տվել: Համացանցում արդեն տարածվել են Տիգրանի եւ Ելենայի հարսանյաց արարողության լուսանկարները:

 

ԿԻՆՍԿՈՒ ՆԱՄԱԿԸ` ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
Հայտնի դերասանուհի Նաստասյա Կինսկին, ով Հայաստան էր ժամանել «Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնին մասնակցելու նպատակով, նամակ է գրել հայ դիզայներ Վահան Խաչատրյանին, որի հեղինակած զգեստը նա կրում էր փառատոնի փակման արարողության ժամանակ:
Դիզայներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նամակի բովանդակությունը, որտեղ Կինսկին գրել է. «Սիրելի՛ Վահան, շնորհակալ եմ քո հրաշալի զգեստի համար: Այն այնքան գեղեցիկ է: Ավելի վաղ էի ցանկանում գրել քեզ, բայց կորցրել էի քո այցեքարտը: Այնքան ուրախ եմ, որ այժմ գրում եմ քեզ: Կուզեի անձամբ հանդիպել: Որտե՞ղ ես դու` Իտալիայո՞ւմ, Հայաստանո՞ւմ: Գրի՛ր ինձ, որպեսզի ես իմանամ, որ դու տեսել ես իմ նամակը: Քո զգեստը կախարդական է»:




Լրահոս