Առաջին անգամ կանցկացվի վազքի Երևանի միջազգային կիսամարաթոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ այս տարվա հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը:

Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում է պետական ծրագրի շրջանակներում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:

Սպորտային ձեռնարկը կկրի ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:

Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ.
• Կիսամարաթոն (21,097 կմ),
• Փոխանցումավազք (2 x 10,550 կմ),
• 5 կմ վազք,
• 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:
«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 10-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:

Ռոբերտ Էմմիյանը հաստատում է, որ մրցարշավը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՖ-ի կողմից հավատարմագրված միակ միջազգային վազքարշավն է:

«ՌԱՆԱՐՄ»-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին:
Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS):

Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային «ՊրոՍկայ» ընկերությունը, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Ռենո Արմենիան», «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, «Օրանժ Արմենիան», «Ջերմուկ» գրուպը՝ իր «Պեպսի» և «Բյուրեղ Սպորտ» ապրանքանիշներով, ինչպես նաև «Սիքստ» ընկերությունը և Գրանթ Թորնթոնը:

Պատվավոր հյուրերի, այլ մանրամասների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայքէջին (www.runarm.am) և հետևյալ սոցիալական ցանցերին (Facebook, Twitter):




Լրահոս