Ջազը համախոհներ է սիրում. սեպտեմբերին կանցկացվի ջազային փառատոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 17-19-ը Երեւանում կանցկացվի ջազային փառատոն` Yerevan Jazz Fest-2015: Փառատոնի բացման մասնակիցների թվում են Աբրահամ Գումրոյանը` ԱՄՆ-ից, Նինո Կատամաձեն` իր Insight խմբով` Վրաստանից, Սերգեյ Մանուկյանը` Ռուսաստանից, Լորեն Ռոբինը` Ֆրանսիայից, Արթուր Սաթյանը` Լիբանանից, ինչպես նաեւ՝ երեւանյան ջազի հայտնի դեմքերը` Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը եւ այլք: Սեպտեմբերի 18-ին կկայանա Ռիչարդ Բոնա բենդի համերգը, իսկ սեպտեմբերի 19-ին հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Մարիամ եւ Արմեն Մերաբովաները` Ռուսաստանից, Էռնա Յուզբաշյանը եւ Հյուբերտ Թաբսը` Ավստրիայից:

Փառատոնի բացմանը կմասնակցեն նաեւ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը եւ Արցախի ջազ նվագախումբը: Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավար եւ խորհրդատու, կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը, ով եւս ներկայանալու է փառատոնի բացման համերգին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայերը ջազ հասկացող, ջազ ստեղծող եւ ջազ նվագող ժողովուրդ են. «Նման փառատոններում անպայման ընդգրկվում է ժողովուրդը: Մեզ մոտ ջազ սիրողներն ավելի շատ են, քան թվում է:

Իսկ ովքեր մոտ չեն այս երաժշտությանը, հնարավորություն կստանան հասկանալու ջազի լեզուն, գնահատելու դրա անմիջականությունն ու ռիթմիկան»:
Ջազմենի համոզմամբ Հայաստանում այս կերպ հնարավոր է վերականգնել միջազգային ջազ փառատոններ կազմակերպելու ավանդույթը. «Այնպես, ինչպես արվում էր տարիներ առաջ, երբ մենք հյուրընկալել էինք, օրինակ, Էլ Ջերոյին, նրա կարգի մեծությունների, այսօր էլ կարող ենք նույն մթնոլորտը ստեղծել: Սա լավ հնարավորություն է՝ ինքներս մեզ ճանաչելու, ճանաչել տալու եւ ուրիշների արվեստին ծանոթանալու համար»,-ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե ջազ ստեղծագործողների եւ կատարողների պրոֆեսիոնալիզմի առումով մենք, կարծես, չենք զիջում, օրինակ` հարեւան Վրաստանին, մաեստրոն պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ մենք ոչ ոքի չենք զիջում, սակայն այս պարագայում հարցը զիջել-չզիջելու մեջ չէ, այլ փոխադարձ արժանիքները գնահատելու. ջազը համախոհներ է սիրում»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս