Դեռեւս 2014 թվականի ապրիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացնելով նրանց նոր ղեկավարին` Կարեն Ճշմարիտյանին` համոզմունք հայտնեց, որ նա կկարողանա պատվով կատարել իր աշխատանքը: Բայց արի ու տես, որ Կարեն Ճշմարիտյանին ոչ մի կերպ չի հաջողվում գոնե փոքր-ինչ առաջ տանել իր գերատեսչության առջեւ դրված խնդիրները:
Ավելին` անցած տարվա նոյեմբերին տեղեկություններ էին շրջանառվում, որ Ճշմարիտյանի աշխատանքից այն աստիճան դժգոհ են, որ նրան պատրաստվում են պաշտոնանկ անել: Չնայած դրան` ազդեցիկ միջնորդների շնորհիվ Ճշմարիտյանը կարողացավ մնալ իր պաշտոնին` հույս տալով, որ առաջիկայում ավելի լավ կաշխատի, սակայն նման բան տեղի չունեցավ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարությունում Կ. Ճշմարիտյանին ներկայացնելիս հայտարարել էր. «Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է Կառավարությունում եւ Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջեւ ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»:
Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Հ. Աբրահամյանի ակնկալիքներից որեւէ մեկը Ճշմարիտյանը չի կարողացել իրագործել. երկրի էկոնոմիկայում արձանագրվող տեսանելի հետընթացն ու այդ ֆոնին նախարարի ոչ ադեկվատ գնահատականները ցույց են տալիս, որ առաջիկայում եւս նման սպասելիքներն իզուր են: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչով է այս օրերին զբաղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, երբ, օրինակ, հանրության համար այս սեզոնին առաջնային համարվող ավիատոմսերի շուկայում խայտառակ իրավիճակ է:
Պարզեցինք, որ Ճշմարիտյանի վերջին հրապարակային գործունեությունը եղել է հուլիսի 31-ին. ՀՀ էկոնոմիկայի նախարարը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Իսկ դրան հաջորդող օրերին նախարարի գործունեության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա: Նախարարության պաշտոնական կայքում անգամ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք նախարարն այս օրերին հանգստանում է, որպեսզի գոնե հանրության համար պարզ լիներ, թե ուր է «անհետացել» Ճշմարիտյանը. պարզապես մատնվել է անգործությա՞ն, թե՞ մեկնել է «վաստակած» հանգստի:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ սա հերթական «չաշխատող» գերատեսչությունն է, որի գործունեության լավագույն գնահատականը երկրի՝ օրեցօր փլուզվող էկոնոմիկան է:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ