«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 12-ին Գյումրիում մեկնարկելու է ս/թ հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այս դատը տեղի է ունենալու Ռուսաստանի Հարավկովկասյան ռազմական օկրուգի 5-րդ կայազորային դատարանում, և բուն դատավարությունը, ըստ ամենայնի, կընթանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
Այստեղ սակայն, ոչ թե սպանության գործի, այլ Պերմյակովի դասալքության դատավարությունն է տեղի ունենալու: Սպանության գործի քննությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը: Բայց դասալքության գործի քննությունը չափազանց կարևոր է սպանության ամբողջական բացահայտման և սպանությունից հետո Հայաստանի իրավապահների և ռուս սահմանապահների գործողությունների առումով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։