ՀԱՐՑ. Ժամանակին զբաղվել եմ ՀՀ-ից կոշիկի արտահանմամբ: 90-ականներից հետո նորից որոշել եմ իմ սեփական արտադրանքն արտահանել: Ռուսաստանի Դաշնություն նման արտադրանք արտահանելու համար (ցամաքային տրանսպորտի միջոցով), բացի բեռնափոխադրման ծախսից, վճարման ի՞նչ պայմաններ են գործում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արսեն Բադալյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հարցը կարգավորվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 102 եւ 110 հոդվածներով: ՀՀ մաքսային օրենսգրքի 102 հոդվածի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով ապրանքների արտահանման համար սահմանված է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ: Նույն օրենսգրքի 110 հոդվ. սահմանվում են ապրանքների փաստաթղթային մաքսային ձեւակերպման համար վճարվելիք մաքսավճարի դրույքաչափերը:
Տեղեկացվում է նաեւ, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «ՀՀ մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ սահմանվում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ»:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընթերցողին խորհուրդ ենք տալիս մաքսային ծառայության այս պատասխանի պատճենը պահել իր մոտ, որպեսզի եթե հանկարծ մաքսակետերի աշխատողները, իրենց սովորության համաձայն, փորձեն ինչ-որ չնախատեսված գումարներ պահանջել, միանգամից ցույց տա: