ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը, ըստ էության, դեռ չսկսած դադարեցրել է իր նախընտրական քարոզարշավը: Ճիշտ է, նախագահի թեկնածուն այս օրերին, այնուամենայնիվ, շրջագայում է մարզերում, հանդիպումներ ունենում: Բայց հանդիպում է ոչ թե ընտրողների, այլ ՀՀԿ-ականների հետ:
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանի հանդիպումներն ընթանում են դահլիճներում. հանրահավաքային բացօթյա հանդիպումներ նախատեսված են միայն մարզկենտրոններում: Իսկ փակ տարածքներում, ինչպես հայտնի է, տեղերը սահմանափակ են: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ ահազանգեր է ստացել, որ դահլիճային հանդիպումներին ոչ բոլոր քաղաքացիներն ու լրագրողները հնարավորություն ունեն ներկա գտնվելու. մուտքի իրավունք ստանալու համար հարկավոր է նախապես ցուցակագրվել, իսկ ցուցակագրվում են ոչ պատահական մարդիկ:
Մինչդեռ նկատենք, որ նախընտրական քարոզարշավի տրամաբանությունը ենթադրում է հանդիպում ոչ թե ընտրյալների, այլ ընտրողների հետ: Ս.Սարգսյանի այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. Հայաստանում նախագահի ընտրությունները կարելի է արդեն իսկ ավարտված համարել. ռեալ մրցակցության բացակայության պատճառով Սարգսյանն իրեն համարում է արդեն իսկ ընտրված նախագահ, ուստի եւ՝ թեկնածուին բացարձակապես չի հետաքրքրում քարոզարշավը: Իսկ դահլիճային հանդիպումներն էլ, հասկանալի է, արվում են ձեւականորեն՝ ընտրությունների շղարշ ապահովելու համար: Բացի այդ, հասկանալի է՝ այսպես Ս. Սարգսյանը հանդիպում է իր իրական ընտրողների հետ, ու հիմա նա խնդիր չունի այլ քաղաքացիների եւս սիրաշահելու, նրանց դեպի իրեն գրավելու, նախընտրական ծրագիր ներկայացնելու հարցում: Ի դեպ, քարոզարշավ չանելու հարցում Սերժ Սարգսյանը միակը չէ. նախագահի թեկնածու Արման Մելիքյանն էլ պաշտոնապես է հայտարարել քարոզարշավը դադարեցնելու մասին:
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենք երբեք ընտրողներին չեն բաժանել ՀՀԿ-ականների ու ոչ ՀՀԿ-ականների: «Դահլիճային հանդիպումներ ենք ունենում, քանի որ եղանակային պայմանները ցուրտ են, ու մարդկանց չենք ցանկանում անհարմարություն պատճառել: Միայն խոշոր մարզկենտրոններում կլինեն հանրահավաքային հանդիպումներ: Այստեղ արտառոց բան չկա: Քաղաքացիների համար էլ չկա հանդիպմանը մասնակցելու խնդիր: Ավելին, մեր քարոզչախմբերը շրջելու են գյուղ առ գյուղ` ներկայացնելու մեր ծրագրերը, խնդիրները»,-ասաց նա: Հովհաննես Սահակյանին հարցրինք, թե այդ դեպքում ինչպես պետք է քաղաքացիները մասնակցեն Ս.Սարգսյանի հետ հանդիպմանը, ինչ սկզբունքով են նրանց թույլատրելու մտնել դահլիճ: «Մենք հայտարարություն ենք տարածում, թե կոնկրետ որ օրը, որ ժամին է տեղի ունենալու հանդիպումը նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի հետ, եւ ենթադրենք 400 հոգանոց դահլիճում հանդիպմանը կարող են մասնակցել առաջինը եկած 400 հոգին: Այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն մասնակցելու հանդիպմանը, կախված դահլիճում տեղերի քանակից, կարող են մասնակցել»,-նշեց նա՝ հավելելով, որ որեւէ խտրականություն չի դրվելու քաղաքացիների միջեւ:
 Նկատենք, սակայն, որ Սյունիքի մարզից արդեն իսկ ահազանգեր ստացել ենք, որ մարդկանց նախընտրական հանդիպմանը տանում են` նախապես ՀՀԿ շտաբnերի կողմից ցուցակագրելով, իսկ ցուցակից դուրս մնացածներին Ս. Սարգսյանի անվտանգության աշխատակիցները չեն թույլատրում մտնել դահլիճ: Հ. Սահակյանը երեկ հերքեց այդ լուրերը. «Մեզ մոտ նման երեւույթ չկա: Միգուցե ցուցակը վերաբերում է սպասարկող անձնակազմին, թե ովքեր պետք է ներկա լինեն՝ հանդիպումը սպասարկելու համար: Իսկ քաղաքացիների համար մուտքն ազատ է»:
Նկատենք, որ հավանաբար ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար Ս. Սարգսյանի հանդիպումների ժամանակ երբեմն նաեւ «տհաճ» հարցեր են լինում: Օրինակ` Քաջարանում, ուր նախագահի թեկնածուն եղել է երեկ, մի տարեց մարդ հարցրել է. «Ինչի՞ ես պահում Տիգրան Սարգսյանին, նա մեր թշնամին է: 2008-ին, երբ Դուք նորից էստեղ էիք, խոստացաք, որ թոշակները կրկնակի են դառնալու, բայց դա չարվեց: Վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, լավ չի աշխատում, ոչ մի բան չի անում մեր համար: Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք Ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա՝ ոչ մի անգամ»: Ս. Սարգսյանն էլ «հանդուրժողաբար» ասել է, թե մամուլում շատերն են բողոքում իր ու վարչապետի աշխատանքից, բայց Տ.Սարգսյանը պրոֆեսիոնալ աշխատող է, տիրապետում է տնտեսական ողջ գործընթացին: «Ես իրոք խոստացել էի, որ էապես բարձրացնելու ենք թոշակները, բայց, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է լինում իրականացնել, որովհետեւ տնտեսության զարգացումը միայն մեզանից չի կախված»,-ասել է նա՝ հիշեցնելով համաշխարհային ճգնաժամը:
Հ.Գ. Ի դեպ, Սյունիքի մարզում Ս.Սարգսյանի հանդիպումներին դահլիճում բավական մեծ թիվ են կազմել դպրոցականները: Տեղի պաշտոնյաները, լրագրողների հարցերին ի պատասխան, շտապել են արդարանալ, թե աշակերտները ցանկացել են մոտիկից տեսնել Ս.Սարգսյանին, դրա համար էլ ինքնակամ եկել են:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս