«Բյուջեն մեր բոլորի բյուջեն է, միայն կառավարության խնդիրը չէ: Բյուջեի եկամուտները համալրելը բոլորիս խնդիրն է»:
Մարդ այս իշխանավորներին որ լսում է, մտածում է, թե ինչ լավն են մեր իշխանությունները, երկիր ունենք՝ աշխարհը չունի, բյուջեն բոլորինն է, բոլորն էլ օգտվում են: Միայն Հայաստանում այդ օգտվող բոլորի մեջ, չգիտես ինչու, ոչ բոլորն են մտնում, այլ միայն ապահով փոքրամասնությունը, այսինքն՝ ապագա «ապահով Հայաստանի» բնակիչները (մնացածները կարտագաղթեն): Եվ որպես կանոն, այդ բյուջեն հիմնականում իրենց քրտնաջան ու քիչ վարձատրվող աշխատանքով համալրում են հենց քիչ օգտվողները. այդ դեպքում, անշուշտ, բոլորիս խնդիրն է դառնում: Բայց հենց գալիս է օգտվելու եւ արժանապատիվ ապրելու պահը, «բոլորը» զգալիորեն կրճատվում է: