ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գյումրու ստորաբաժանումները, ամփոփելով անցնող տարում կատարված աշխատանքները, Շիրակի մարզպետարանում ներկայացրին իրենց հաշվետվությունները:
Փրկարարական վարչության տվյալներով` 2012թ. Շիրակի մարզում գրանցվել է ընդհանուր առմամբ 429 արտակարգ դեպք` 2011թ. 398 դեպքերի դիմաց: Նախորդ տարվա համեմատ` արտակարգ դեպքերի թիվն աճել է 31-ով, զոհերի թիվը՝ ավելացել 9-ով, իսկ վիրավորներինը` 48-ով: Գրանցվել է տեխնածին բնույթի 337 դեպք, որոնցից 178-ը՝ հրդեհի տեսքով: Նախորդ տարվա համեմատությամբ` հրդեհների թիվն աճել է 8-ով, որոնց հետեւանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել` 6-ը: Տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների պատճառած վնասը կազմել է շուրջ 353 միլիոն դրամ` 2011-ի շուրջ 198 միլիոն դրամի փոխարեն: Արդյունքում գրանցվել է նյութական վնասի աճ` 78 տոկոս կամ շուրջ 155 միլիոն դրամ:
Անցած տարվա ընթացքում տարերային բնույթի 33 դեպք է արձանագրվել, որը 16-ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Տարերային դեպքերի պատճառով զոհվել է մեկ մարդ: Մարզում ավելացել են նաեւ սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ դեպքերը. 59 դեպք նախորդ տարվա 46-ի փոխարեն: Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի տեղեկացմամբ՝ հրդեհների  գերակշռող մասը արձանագրվել է բնակելի տարածքներում: Հրդեհների աննախադեպ աճ է գրանցվել  անցած տարվա ապրիլին` 28 դեպք:  2011-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 4 դեպք, ինչը մասնագետը կապում է անցած տարվա չորային եղանակների հետ: Մ. Սարիբեկյանը խոսեց նաեւ կառույցի բացթողումներից` չմոռանալով շեշտել, որ դրանք պայմանավորված են կառավարման մարմինների եւ բնակչության ազդարարման կենտրոնացված միասնական համակարգի բացակայությամբ, ինչպես նաեւ հին տեխնիկայով ու գույքով:
ՇՄ հրդեհային տեսչության պետ Սամվել Խաչատրյանը եւս իր զեկույցում  անդրադարձավ սարքերի մեծ մասի հին լինելուն ու նշեց, որ չնայած այդ ամենին՝ իրենք աշխատում են արագ արձագանքել եւ խափանումները վերացնել: Իր զեկույցը խնդիրների թվարկումով սկսեց նաեւ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը` նշելով, որ չնայած այդ ամենին՝ մարզում գործող բոլոր 27 կայաններն աշխատել են 91 տոկոս արդյունավետությամբ: Հիդրոմետ ծառայության ղեկավար Հերմեսդ Թադեւոսյանն էլ ամփոփելով նշեց, որ մարզի 4 օդերեւութաբանական կայաններից (Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ) մեկը` Աշոցքինը, ընդգրկված է համաշխարհային օդերեւութաբանական կայանի գլոբալ համակարգում եւ ԱՊՀ միջպետական օդերեւութաբանական կայանների ցանկում: Տեխնիկան թեեւ հին է, սակայն համապատասխանում է միջազգային ստանդարտներին, իսկ չափումներն իրականացվում են շուրջօրյա` 3 ժամը մեկ հաճախականությամբ:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս