«Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալի հերոսուհի Լիզան, նույն ինքը` երգչուհի-դերասանուհի ԱԼԻՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, 2012թ. դեկտեմբերի 2-ին մայրիկ է դարձել: Ծնվել է Ալինայի առաջնեկը` Ալենը, որն անսահման երջանկություն է պարգեւել դերասանուհուն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն առաջիններից էր, որ գրել էր դերասանուհու ամուսնության մասին: Այս անգամ հանդիպման առիթը երեխայի ծնունդն է:
-Որդիս օր օրի մեծանում ու փոխվում է, կարծես ամեն օր ուրիշ երեխա գրկեմ: Մայրանալուց հետո շատ բան է փոխվել իմ կյանքում: Հոգեպես պատրաստ էի, բայց պրակտիկորեն` ոչ: Երեխային խնամելը բնազդաբար է գալիս, կապ չունի՝ ինչքան ես կարդացել, նոր բաներ իմացել, միեւնույն է, մայրական բնազդն իր գործն անում է: Ես նույնիսկ ինձ վրա զարմանում եմ, թե ոնց է համբերությունս այդքան ներում անքուն մնալ, երեխայի կամակորություններին դիմանալ: Բայց արի՛ ու տես, որ մարդ ինչ արագ է հարմարվում, նոր հատկանիշներ ձեռք բերում, որովհետեւ իր կյանքում հայտնվել է մի նոր կյանք, ում խնամքով նա պարտավոր է զբաղվել ու անթերի կերպով անել այդ ամենը:
-Հնարավո՞ր է բառերով բացատրել՝ ինչ է մայր լինելը:
-Չեմ կարող ներկայացնել հոգեվիճակս: Որդուս ծնունդից հետո ես ինձ շատ ուժեղ եմ զգում, ինձ թվում է՝ ես ամենակարող եմ, աշխարհի ամենաուժեղ մարդն եմ: Հիմա շատ երեւույթների այլ կերպ եմ նայում: Ես հասկանում եմ, թե ինչ բարդությունների միջով է անցնում կինը: Երկրորդ երեխայի ծնունդ չեմ էլ պլանավորում, այդ ցավերից հետո ես մամայիս զարմացած հարցրի, թե ինչպես է այդ ամենի միջով երեք անգամ անցել. մենք երեք երեխա ենք: Հիմա եմ մտածում՝ ոնց են կանայք դիմանում: Իհարկե, միայն ցավերը չեն պատճառը, կա հարցի լուրջ ու կարեւոր կողմը: Պետք է կարողանաս երեխային ամեն ինչով ապահովել գոնե մինչ իր չափահաս դառնալը: Իմ որդին ինձ համար առաջին պլանում է, ու իմ ուժերը իմանալով՝ ես չեմ հասցնի նաեւ երկրորդ երեխային շատ լավ պահել: Ավելի լավ է լիարժեք լինի մեկի մոտ, քան քիչ ու կիսատ` երկու-երեք երեխաների դեպքում: Բոլոր մայրերին ցանկանում եմ, որ իրենց բալիկներն ունենան անհոգ մանկություն, իրենք էլ լինեն երջանիկ մայրեր:
-Ինչպիսի՞ ապագա եք տեսնում Ձեր բալիկի համար:
-Շատ կուզենամ, որ իմ ճանապարհով գնա, արվեստով մեծանա, իսկ թե ինչ կընտրի, իր հայեցողությանը կթողնեմ: Ամեն դեպքում, ինչ էլ ընտրի, թող սիրելով զբաղվի իր գործով: Ես իմ աշխատանքը սիրելով եմ անում, չեմ պատկերացնում՝ ոնց կարելի է առանց սիրելու զբաղվել գործով:
-Իսկ ե՞րբ եք անցնելու աշխատանքի:
-Արդեն անցել եմ, նկարահանումների մեջ եմ, բայց շատ ծանրաբեռնված գրաֆիկով չեմ աշխատում, քանի որ ուզում եմ ժամանակիս մեծ մասը տանն անցկացնել: Փորձում եմ ամեն ինչին էլ ժամանակ հատկացնել, որ ոչինչ չտուժի: Ակումբում դեռ չեմ աշխատում, քանի որ այդքան երկար չեմ կարող բացակայել տնից:
-Եթե Ձեր ամուսինն ընտրության առաջ կանգնեցներ` ընտանիք, թե կարիերա, ո՞րը կընտրեիք:
-Եթե ամուսինս նման ընտրության առաջ կանգնեցնի, նշանակում է՝ ինքը ինձ չի հարգում, էլ չխոսենք սիրելու մասին: Եթե ես ինչ-որ մի բանում թերանամ, բնականաբար, ես ինքս ինձ ընտրության առաջ կկանգնեցնեմ, բայց եթե ես հասցնում եմ ե՛ւ աշխատել, ե՛ւ երեխայիս ժամանակ տրամադրել, ուրեմն անիմաստ է ընտրություն կատարելը:
-Բալիկի ծնվելիս Ձեր ամուսինը կարծես թե Հայաստանում չէր, հիմա վերադարձե՞լ է:
-Այո՛, սկզբում երեխային skype-ով էր տեսնում: Իմիջիայլոց, ամուսինս երեխայի ծնունդից հետո փոխվել է, ես զգացի, որ երեխա ունենալու բերկրանքը տղամարդկանց թուլացնում է, լավ իմաստով եմ ասում:
-Մեր տեղեկություններով՝ Ձեր ամուսինը բիզնեսմեն է Սանկտ-Պետերբուրգում, այդ պատճառով քիչ է լինում Հայաստանում:
-Մեծ բիզնես չէ, փոքրիկ առեւտուր ունի, ինքը գովազդային մենեջեր է, սննդի ոլորտում է աշխատում: Նրանք շատ վաղուց ընտանիքով այնտեղ են ապրում:
-Ցանկություն չկա՞ ամուսնու մոտ տեղափոխվել:
-Այդ ցանկությունը երկկողմանի է, բայց նա իր հերթին, ես էլ իմ, ամեն մեկս մի տեղ ենք ինքնահաստատվել, արմատներ գցել, եւ անհնար է դարձել իր՝ այստեղ մշտական լինելը կամ հակառակը: Դրանից չենք նեղվում, մեր հանդիպումները, մեր ընտանիքի միասնական լինելը դրանից չի տուժում: Հետո միգուցե որեւէ մեկս թողնենք մեր բնակավայրն ու տեղափոխվենք:
«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԵՍ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ