«Հանրային կարգը խախտող միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» եւ «զենք պահելու» մեղադրանքով 2009թ. ապրիլի 7-ին 10 տարվա ազատազրկման դատապարտված հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանը 2013թ. հունվարի 24-ին ազատ արձակվեց: Այս առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վահագն Չախալյանի հետ:
-Պարո՛ն Չախալյան, երբ բանտից դուրս եկաք, ի՞նչ զգացողություն ունեցաք:
-Զգացողություններս աննկարագրելի են, չեմ կարող բառերով ասել: Դե մի քիչ ուրախություն եւ հետն էլ տխրություն կար այդ պահին, անբացատրելի էր այն, ինչ զգացի, անկեղծ` չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց:
-Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր տխրությունը:
-Գիտեք, ինձ դիմավորողների մեջ չկային այն տղաները, որոնք այսօր հարկադրված լքել են Ջավախքը:
-Ասել էիք, թե կարոտել եք Երեւանը, ե՞րբ եք գալու:
-Ճիշտն ասեմ` ներկա պահին անձնագիր չունեմ, երբ ձեռք բերեցի, անպայման գալու եմ, այո՛, շատ եմ կարոտել Երեւանը:
-Վերարժեւորեցի՞ք Ձեզ համար, թե ինչու ազատազրկվեցիք այսքան տարի, եւ առհասարակ, արժե՞ր այդ ամենի համար զրկվել ազատությունից:
-Չէ՛, իրոք արժեր: Ճիշտ է` ազատությունը թանկ բան է, բայց պայքարը զոհեր է պահանջում:
-Մի փոքր կպատմե՞ք, թե ինչպես էիք Ձեր օրն անցկացնում բանտում:
-Աննկարագրելի էր, ես այսօրվա ուրախությունս չեմ ցանկանա փչացնել` հիշելով, թե ինչ կերպ էին անցնում իմ օրերը: Դա վատ երազ էր ինձ համար, որն անցավ, եւ չեմ ուզում հիմա վերհիշել այդ դժոխքը, որից դուրս եկա:
-Վերջերս լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին Վրաստանի բանտերում տիրող անմարդկային պայմանների մասին: Իրո՞ք ամեն ինչ այդքան սարսափելի է:
-Օ՜, դժոխք էր դա, եւ այն, ինչ պատմել են կամ ասել են Վրաստանի բանտերի մասին, դեռ հալալ կեսն է:
-Ձեր կարծիքով` Ձեզ ազատ արձակելու քաղաքական որոշումը ո՞վ կայացրեց:
-Չեմ կարծում, որ սա քաղաքական որոշում է: Եղավ համաներում, եւ ինձ ազատեցին:
-Արդյո՞ք դա կարող էր կապված լինել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու` Հայաստան կատարած այցի հետ:
-Ես Իվանիշվիլու տեղը չեմ ուզում մեկնաբանություն տալ` դա կապ ունի, թե չէ, բայց չեմ բացառում այդ ամենի ազդեցությունը:
-Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք Վրաստանի նոր իշխանություններից:
-Ահագին փոփոխություններ եմ նկատել եւ հույս ունեմ, որ ավելի կբարելավվի վիճակը, իսկ թե ինչքանով, ժամանակը ցույց կտա: Վրաստանն այն տարիների համեմատ շատ ավելի ժողովրդավար է դարձել:
-Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Առայժմ վաղ է խոսել այդ մասին, սակայն զբաղմունքի փոփոխություն չի լինելու, զբաղվելու եմ նրանով, ինչով զբաղվել եմ:
«ԱՆՁՆԱԳԻՐԸ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՊԵՍ ԿԳԱՄ ԵՐԵՎԱՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ