ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2002-2005թթ. առողջական խնդիրներիս պատճառով 3 անգամ կատարել են սրտի ստենդավորում: Տարիներ շարունակ առողջական վիճակս անկայուն էր եւ գնալով վատացավ: 2012թ. ստիպված եղա նորից ենթարկվել այս անգամ արդեն սրտի լիարժեք վիրահատության: Արդյունքում մի քանի տարվա մեջ ենթարկվել եմ 4 վիրահատության: Հետեւաբար ստիպված եմ մինչեւ կյանքիս վերջ օգտագործել անհրաժեշտ դեղեր, որոնք ի վիճակի չեմ ձեռք բերել: Ինձ հաշմանդամության կարգ հասնո՞ւմ է, կարո՞ղ եմ օգտվել անվճար դեղորայքից, թե՞ ստիպված պետք է մի կերպ քարշ տամ գոյությունս:

Արամ Պողոսյան (ք. Երեւան, Շահվերդյան 2, բն. 17)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ա. Պողոսյանի դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության ողջ ժամանակահատվածի համար, հաշմանդամ ճանաչվելու օրվանից: Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 276-Ն որոշման դրույթներով սահմանված կարգի՝ եթե Դուք ունեք առողջական խնդիրներ, ապա բուժում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից տրամադրված բժշկական փաստաթղթերով կարող եք դիմել Ձեզ uպաuարկող բժշկական կազմակերպություն կամ բնակության վայրի տարածքային պոլիկլինիկա, որտեղ Ձեր փաստաթղթերի ուսումնասիրությունից, անհրաժեշտ բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, անհրաժեշտության դեպքում, հաշմանդամություն սահմանելու նպատակով Ձեզ կուղեգրեն. կտրամադրվի թիվ 88 ձեւ տարածքային  բժշկասոցիալական  փորձաքննական հանձնաժողով  (ԲՍՓՀ) ներկայացնելու  ու փորձաքննվելու համար: Տարածքային ԲՍՓՀ-ն կայացնում է որոշում՝ ՀՀ-ում հաշմանդամության սահմանման կարգին ու չափանիշներին համապատասխան: ԲՍՓՀ-ի կողմից հաշմանդամության կարգավիճակ ստանալու դեպքում Դուք կօգտվեք կարգավիճակին համապատասխան արտոնություններից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «ցնցված է» ԲՍՓՀ-ներում տիրող խայտառակ վիճակից, եւ արդյունքում ծառայության ղեկավարն ազատվեց աշխատանքից, այդուամենայնիվ, դատելով մեզ դիմող քաղաքացիների բողոքներից` այս ոլորտում իրավիճակի էական փոփոխություն տեղի չի ունեցել: Պարզապես «վերաբերմունք ցույց տալու» պահանջները փոքր-ինչ ավելի զգուշավոր են դարձել:




Լրահոս