Պարույր Հայրիկյանի վրա կրակողին տեսնողներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա կրակողին տեսնողներ են եղել: Այս մասին NEWS .am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի հարեւանը, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքով, մարդիկ տեսել են ինչ-որ մեկին մեջքից, սեւ վերարկուով, դեպքի վայրից հեռանալու ժամանակ:
“Երեւի, երկու կրակոց է եղել: Ժամը 11.30-ի սահմաններում խուլ ձայներ  լսվեցին` նման կրակոցի: Հայրիկյանի օգնության կանչերից հետո հարեւաններով դուրս եկանք օգնություն ցուցաբերելուե,- նշեց հարեւանն ու շարունակեց. “Շատ ծանր վիճակում էր, հազիվ էր խոսում: Մի երկու բառ է ասել: Ինքը իր ուժերով բարձրացել էր երկրորդ հարկ, օգնություն էր խնդրում եւ կիսագիտակից վիճակում խնդրում, որ աջ ձեռքը  վերեւ պահենք”,- մանրամասնեց Պարույր Հայրիկյանի հարեւանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ ԱԻՄ նախագահի կինն ու աղջիկը տանն են եղել եւ հարեւանների հետ համատեղ օգնություն են  ցուցաբերել մինչեւ շտապօգնության հասնելը:
Հարեւանները նաեւ նշեցին, որ Հայրիկյանի հագին պաշտպանիչ ժիլետ չի  եղել, նա միայնակ է շրջել եւ թիկնապահներ չի ունեցել:
Հարեւանը կարծիք հայտնեց, որ եթե վախեցելու նպատակ ունենային, երեւի թե, սառը զենքով փորձեին դա անել, իսկ հրազենով մարդու վրա կրակելը դա արդեն այլ բանի մասին է խոսում: “Հայրիկյանները շոկի մեջ են, ամբողջ հարեւանությունը շատ ծանր վիճակում է: Ինքը վաստակաշատ մարդ է, ով երկար տարիներ դատապարտվել է անկախության համար: Հայրիկյանը բոլորի համար շատ հաճելի մարդ է  եւ զրուցակից”,-ասաց նա:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանի տան` Տպագրիչների-9 շենքի, 7-րդ մուտքի 103 բնակարանում մեր թակոցներին չէին արձագանքում: Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բ/կ: Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել  են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, “Ազատ դեմոկրատների” ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:




Լրահոս