ԱՆՀԱՐԳԱԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական քարոզարշավի առաջին 10 օրերն արդեն  անցել են, սակայն մրցակցային ընտրություններից եւ  քաղաքակիրթ ընտրապայքարից  խոսող թեկնածուներն այդպես էլ  հանրությանն իրենց առավելությունները չեն փորձում ներկայացնել հրապարակային բանավեճերի միջոցով: Գրեթե առանց բացառության, ոչ իշխանական բոլոր թեկնածուներն էլ ասում են, թե պատրաստ են բանավիճել միմիայն մեկ թեկնածուի` Սերժ Սարգսյանի հետ: Ինչ խոսք, մենք հեռու ենք առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի արժանիքները Սերժ Սարգսյանի արժանիքներից պակաս համարելուց, ընդհակառակը: Խնդիրն այն է, սակայն, որ թեկնածուների այս պահվածքը պայմանավորված է ոչ այնքան իրենց առավելությունների եւ մնացյալների թերությունների գիտակցությամբ, որքան  սեփական անձը կարեւորելու մարմաջով: Մինչդեռ կարծում ենք, որ հանրության համար անչափ հետաքրքիր կլիներ լսել,  օրինակ, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի  բանավեճը,  կամ էլ` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արման Մելիքյանի դիսկուրսը` արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Սա ընտրողներին ներկայանալու ամենապարզ եւ  քաղաքակիրթ ճանապարհն է, եթե, իհարկե, այդ թեկնածուներն իրապես հարգում են իրենց ընտրողներին: Քանի որ կարող է, չէ, լինել այնպես, որ որեւէ մեկը  հավանում է ե՛ւ Բագրատյանին, ե՛ւ Հայրիկյանին, սակայն  վերջնականապես կողմնորոշվելու համար  նրան պետք է հենց այդ ուղիղ համեմատությունը` բանավեճի տեսքով: Ու երբ այդ թեկնածուները զրկում են իրենց ընտրողին նման հնարավորությունից, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենց աշխարհայացքով,  ընտրական գործընթացի հանդեպ վերաբերմունքով եւ եսակենտրոն ամբիցիաներով շատ չեն տարբերվում Սերժ Սարգսյանից: Հակառակ պարագայում նրանք կգիտակցեին, որ բանավիճելով ամենացածր շանսեր ունեցող թեկնածուի հետ անգամ, իրենք չեն փոքրացնում սեփական քաղաքական կշիռը, ոչ էլ դիմացինի կշիռն են սեփականի հաշվին բարձրացնում: Դրանով իրենք պարզապես  հարգանք են դրսեւորում ընտրություններ  կոչվող ինստիտուտի հանդեպ: Ամենատխուրը, սակայն, այն է, որ իրենցից «ցածր քաղաքական կշիռ ունեցող» թեկնածուների հետ բանավիճելուց հրաժարվող  թեկնածուները առիթը բաց չեն թողնում նույն այդ թեկնածուի հասցեին ցեխ շպրտելու  համար` այս դեպքում բոլորովին չմտահոգվելով իրենց քաղաքական կշիռների անհամադրելիությամբ: Եվ կամ` չեն խորշում մրցակից թեկնածուների գաղափարները յուրացնելու կամ նրանց ձեռնարկած փի-առ ակցիայից սեփական կտորը պոկելու հարցում, ինչպես որ Անդրիաս Ղուկասյանի  հացադուլի դեպքում արեց Պարույր Հայրիկյանը եւ պատրաստվում է անել Արամ Հարությունյանը: Կամ էլ` Արման Մելիքյանի` ցուցակների հրապարակման  պահանջի հետ կապված արեցին Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը: Հետո էլ ասում ենք` ընտրությունների ինստիտուտը Հայաստանում չի կայանում: Մինչդեռ այդ ինստիտուտը ոչ միայն բուն քվեարկությունն է ու տաշի-տուշիներով քարոզարշավը, այլեւ մրցակիցներին եւ ընտրողներին հարգելու տարրական ունակությունը:




Լրահոս