ՎԱՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գերատեսչության անարդյունավետ աշխատանքն անուղղակի կերպով արձանագրում են հենց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները՝ խոսելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբինգի արդյունավետության մասին: Այս առումով ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի երեկվա հայտարարությունները հիշեցնում էին ԵԽԽՎ-ին ուղղված միակողմանի մեղադրանքների շարք. իսկ հայկական կողմի մեղքի մասնաբաժնի մասին ոչինչ չասվեց:
Դավիթ Հարությունյանը երեկվա ասուլիսի ժամանակ հայտնեց իր դժգոհությունները՝ ԵԽԽՎ-ն անվանելով տարօրինակ կազմակերպություն: Նա ԵԽԽՎ-ին մեղադրեց Ադրբեջանի «զոռբայությունները» ներելու, զեկուցողների նյութերում ադրբեջանական քարոզչամեքենայի փաստարկների օգտագործման, ԵԽԽՎ համազեկուցողներին՝ Սաֆարովի գործին որեւէ անդրադարձ չկատարելու մեջ: Մեղադրանքների ցանկը երկար է, բայց դրանցից տրամաբանորեն բխում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան ԵԽԽՎ-ում բավական լավ է աշխատում, իսկ ադրբեջանական լոբբինգն արդյունավետ է՝ ի տարբերություն հայկականի: Ու անհասկանալի է, թե ինչու Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի կարողանում արդյունավետ աշխատել, ինչու հայկական լոբբին չի տալիս սպասված արդյունքները, ինչու ըստ արժանվույն չեն օգտագործվում հայկական սփյուռքի ռեսուրսները: Սա այն դեպքում, երբ մեր իշխանության ներկայացուցիչները պարբերաբար տարբեր ամբիոններից ամպագոռգոռ եւ գովեստի խոսքեր են շռայլում արտաքին գործերի նախարարության հասցեին, այն դեպքում, երբ բացի ԱԳՆ-ից, ունենք նաեւ սփյուռքի նախարարություն, որը ֆինանսավորվում է պետբյուջեից, եւ որից ակնկալվում է սփյուռքի հետ կապերի ապահովում եւ այդ կապերի արդյունավետ օգտագործում: Ինչո՞վ են զբաղված մեր դիվանագիտական կառույցները. Էդվարդ Նալբանդյանի հետ Փարիզում հանդիպում անցկացնելով ու ՀՀ-ում նախագահական ընտրությունների հետ կապված՝ եվրոպական դիտորդական կազմակերպությունների հետ գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերելու մասին քննարկումներով: Ի դեպ, հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ դեպքից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ դիվանագետներին հանձնարարություններ էր տվել արդյունավետ լոբբինգ իրականացնելու վերաբերյալ: Ի՞նչ արդյունք տվեց այս ամենը: Բնականաբար՝ ոչ մի: ԵԽԽՎ վերջին զեկույցում, Դ. Հարությունյանի խոսքով, ընդամենը մեկ տողով է նշված այն մասին, որ ԵԽԽՎ-ն Սաֆարովի գործով անց է կացրել լսումներ՝ առանց մանրամասների:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ երեկվա ասուլիսին ԵԽԽՎ պատվիրակության անդամներից մասնակցել են միայն Դ. Հարությունյանը, Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը, այսինքն՝ միայն պատվիրակության ՀՀԿ-ական ներկայացուցիչները: Իսկ մյուս անդամները՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը եւ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, որոշել են բոյկոտել այդ ասուլիսը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս