«ԷՐԵԽԵՔԻՆ ՍՈՎԻՑ ՓՐԿԵԼ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Սասունցի Դավթի կայարանից երկու միկրոավտոբուսներով եւ մեկ մեծ ավտոբուսով տասնյակ հայ ընտանիքներ մեկնեցին Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ: Նրանց մի մասն  արտագնա աշխատանքի մեկնեց, իսկ մյուս մասը՝ հիմնական բնակության: Նրանք զայրացած  հեռացան հարազատ հայրենիքից, հիասթափված՝ գործող իշխանությունից: Այդ մարդիկ հոգնել էին պայքարելուց եւ լքեցին  հայրենիքը՝ այլ երկրում  փող վաստակելու եւ մշտապես բնակվելու նպատակով:
55-ամյա Սամվելը, որը հաշվապահ է եղել, մեծ ցավով նշեց, որ մեկնում է երկրից, քանի որ այլ ելք չունի. դուստրը ուսանող է: Նա արդեն հինգ տարի է` մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: «Երկար տարիներ գլխավոր հաշվապահ եմ աշխատել, բայց հիմա գնում եմ, որ ուրիշ երկրում էշություն անեմ, փող աշխատեմ, ճար չկա: Էս 5 տարուց ավելի է, ինչ գնում եմ Ռուսաստան… ի՞նչ անեմ: Գնալն է փրկում: Էրեխեքին սովից փրկել ենք ուզում: Գործ չկա Հայաստանում: 30 հազար դրամով կարա՞մ ընտանիք պահեմ, հարց եմ տալիս, կարա՞մ… դրանով սկի գազի վարձը չեմ կարա տամ,-վրդովվեց նա` շարունակելով «Ժողովուրդ»-ին  պատմել, թե  ինչպիսի դժվարությամբ է օտար երկրում փող վաստակում,-արդեն սովորել եմ, համակերպվել այս կյանքի դժվարություններին… հոգնել եմ պայքարելուց: Ա՛յ քուր ջան, էս քանի տարի է՝ սենց ենք ապրում… մի կերպ գոյատեւում ենք էլի…»:
Մեկնողների դեմքին անբացատրելի զայրույթ կար, իսկ աչքերում՝ անհուն թախիծ ու կարոտ… Եւս մի քանի րոպե, ու հրաժեշտ են տալու ճանապարհ դնող հարազատներին: Երբ Սամվելի հետ զրուցեցինք կայանալիք նախագահական ընտրություններից, նա հեգնանքով ժպտաց եւ բարկացած հայտարարեց. «Էսօր մենք ինչ օրի ենք, իրա պատճառով ա… Եթե մենք ամեն տարի հազիվ երկու ամիս ենք մնում մեր ընտանիքի կողքին, էլ ի՞նչ նախագահ: Գնացողներիս համար ի՞նչ նախագահ: Իմ պրեզիդենտը Վլադիմիր Պուտինն է»:
Նկատեցինք, որ մեկնողների մեծ մասը երիտասարդներ են` 25-ից 30 տարեկան: Նրանցից մեկը` 30-ամյա Գոռը (անունը փոխված է), մասնագիտությամբ իրավաբան է, ունի ընտանիք` կին, երեխա, բայց այսօր ստիպված է նրանց լքել: «Պետք է փող վաստակել:  Էստեղ անհնար է երեխա պահել, մեծացնել: Միշտ էլ գնացել ենք ու էլի գնալու ենք: Էս պետությունից շատ «գոհ» ենք, դրա համար էլ գնում ենք: Իսկ եթե այնտեղ ամեն ինչ լավ դասավորվի, ընտանիքիս հետեւից եմ գալու, չեմ թողնի նրանց էստեղ»,-հուսահատված նշեց Գոռը:
Սասունցի Դավթի կայարանում գտնվող ուղեւորափոխադրող ընկերության տնօրենը, որը խուսափեց ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ձմռանը Հայաստանից  այդքան էլ շատ չեն մեկնում: «Եթե ամռանը մի քանի ավտոբուս էր գնում, ապա ձմռանը հազիվ մեկն է գնում: Դե հիմնականում աշխատող ժողովուրդն է գնում: Գնացողների 90 տոկոսը տղամարդիկ են: Նրանք, սովորաբար, մարտ ամսից են գնում, իսկ նոյեմբերին հետ են գալիս»,-լրացրեց նա:
Տնօրենը ճամպրուկներից է ենթադրում, թե ով ինչքան ժամանակով է մեկնում. «Ընդմիշտ մեկնողները 5 տոկոս են կազմում: Կախված է իրենց բեռից, դե ով ընդմիշտ է գնում, ավելի շատ բեռ է տանում, նույնիսկ կաթսաները, անկողինը… Սա է ռեալ աշխարհը: Ամսվա մեջ համարյա մեկ-երկու ընտանիք է մշտական գնում»:
Մեծ ավտոբուս, շատ ճամպրուկներ, թախծոտ ու կարոտով լի աչքեր… Լքում են Հայաստանը, լքում…

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս