ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։
2015թ. օգոստոսի 18-ին` ժամը 07:30-ին, ահազանգ է ստացվել Երեւանի բնակչուհի Ս.Սարուխանյանից, որ տղան սպանվել է: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դիակը հայտնաբերել է մայրը։ Սպանված երիտասարդը նշված տանը բնակվել է եղբոր հետ, իսկ մայրը՝ երրորդ որդու տանը։ 2015թ. օգոստոսի 18-ին առավոտյան մայրն այցելել է որդիներին եւ տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա պառկած, հայտնաբերել Վլ.Կարապետյանին՝ սպանված։
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված արյան հետքերով` դատակենսաբանական փորձաքննություն:
Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին՝ միջոցներ ձեռնարկել հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։