Կարծում եմ տվյալ դեպքում խոսքն ընդամենը ենթադրյալ հանցագործության մասին է: Իսկ հանցագործության դեպքում պետք է պարզել, թե ովքեր են մեղավորները և պատասխանատվության ենթարկել: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանին և ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հրամանով Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու դեպքերին, նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանը նշեց, որ ի տարբերություն մեզ, ինքն այդպիսի դեպքերը դիտարկում է իրավական տեսանկյունից և հստակ հայտարարություն կլինի այն դեպքում, երբ առկա է լինում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը: Նա հավելեց, որ երբ մարդուն մեղադրում են այսպիսի հանցագործության մեջ, ապա անհրաժեշտ է, որպեսզի իրավապահները կատարեն օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները` տվյալ դեպքը բացահայտելու համար:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը նաև հավելեց, որ գաղտնիք չէ այն հանգամանքը, որ լինում են դեպքեր, երբ մարդուն մեղադրում են հանիրավի: «Կարող է մարդն անմիջական որևէ մասնակցություն չունենալ և յուրաքանչյուրս առիթ ունեցել ենք հայտնվել նման իրավիճակներում, այդ թվում և ես: Ես կհամարեի ամենավտանգավոր բանը, որ ընդամենը հայտարարությունների կամ ասեկոսեների հիման վրա կատարվեին հեռուն գնացող եզրակացություններ», – նշեց նա, հավելելով, որ պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացություններին:
Լրագրողների այն հարցին, ՀՀԿ-ին չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ իրենց կուսակիցներն են նման պատմությունների կենտրոնում հայտնվում, Հարությունյանը նշեց. «ՀՀԿ-ին միշտ հետաքրքրում է իր անդամների պահվածքը, բայց պետք է հաշվի առնենք, որ ինչպես և ցանկացած մեծ կուսակցություն, կարող է իր անդամների շարքում ունենալ այնպիսի մարդկանց, ովքեր օրինապահ չեն»: