«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ է ճանաչվել…
«Իհարկե, պիտի սնանկանար, եթե շրջանառու միջոցներս կազմում էին հարյուր միավոր, իսկ ես այսօր ունեմ ընդամենը 5 միավոր եւ չունեմ վճարելու ոչինչ՝ այս ամբողջ 10,5 հեկտար տարածքն սպասարկելու ոչ մի բան չունեմ, փող չկա, որ ավել առնեմ տամ հավաքարարներին, որ տարածքը մաքրեն, ինչպե՞ս չսնանկացնեին։ Եթե ես պարտքեր ունեմ, պարտատերերը դիմել են դատարան, բա պետք է սնանկանամ»,- հակադարձեց Աղաբաբյանը մեր զրույցում: Մինչդեռ տարօրինակ է, որ 50 մլն դոլար արժողությամբ գույք տիրապետող ընկերությունն ընդամենը 3 մլն դոլար պարտքի պատճառով սնանկ է ճանաչվում: Գույքի ընդհանուր արժեքը, ըստ այնտեղ անցկացված աուդիտի, կազմում է 50 մլն դոլար, իսկ պարտքերի չափի մասին մեզ հայտնեց Աղաբաբյանը:
Պատգամավորն էլ իր հերթին է դիտավորություն տեսնում իրեն սնանկացնելու գործում եւ վստահ է, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի պատճառով ինքը հայտնվեց նման իրավիճակում: Ամիսներ առաջ հարկայինն Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց եւ մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։
…«Ծառուկյանի ախորժակը մեծացավ, էդքան ունենալուց հետո ուզեցավ մի տոնավաճառ էլ ունենա, իսկ Գագիկ Խաչատրյանն էլ… Ես չգիտեմ՝ իրանց ինչ եմ արել, որ իրենք տենց են վերաբերվում ինձ հետ»: Աղաբաբյանն ասաց, որ առողջացման ծրագիր են ուզում մշակել՝ մարզադաշտի կարիքները հոգալու եւ սեփականությունը չկորցնելու համար։ «Առողջացման ծրագիր ենք ուզում մշակել, բայց դա մի քիչ դժվար է, միակ փրկությունն այն է, որ Խաչատրյան Գագոն ու Ծառուկյան Գագոն՝ Հայաստանի երկու ամենահարուստները, համատեղ փող դնեն, առնեն ստադիոնը, էդ երկու ախպերները թող առնեն, միլիարդատեր տղերք են, ի՞նչ ա եղել, ես էլ փող կունենամ, ուրիշ գործ կբռնեմ: Մարդիկ տներն են ծախում-գնում երկրից, ես էլ ստադիոնն եմ ծախում, առավել եւս՝ այդ փողն էլ նորից Հայաստանում եմ ներդնելու, թող առնեն՝ էս ժողովրդին օգուտ տան»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: