ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԻԿՈԼԻ ՓՈԽԱՐԵՆ` ԼՅՈՒԴՄԻԼԱՆ
Գարնանային նստաշրջանից ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի ՀԱԿ մեկ այլ պատգամավոր, ՍԴՀԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Այդ կապակցությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը NEWS.am-ին պարզաբանել է. «Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն է եղել, որ իր լիազորություններն ավարտվում են, եւ ինքը ցանկանում է վայր դնել էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները, մենք էլ առաջարկել ենք Լյուդմիլա Սարգսյանին»: Այս առիթով երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ իր քայլը քաղաքական որեւէ բանով պետք չէ պայմանավորել: Այն նախապես պայմանավորված քայլ էր: Պետք է գործի ռոտացիոն կարգը:

ՆՈՐՄԱԼ ՉԷ
«Մեր թիմում արդեն այսօր կան ՀՀԿ ներկայացուցիչներ, եւ ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում կլինեն նաեւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներ,-երեկ լրագրողներին վստահեցրել է  Արման Մելիքյանը` պարզաբանելով,-եթե շարքային կուսակցականները որոշում են գնալ կուսակցական վերնախավի` կուսակցապետերի որոշումներին հակառակ, ուրեմն այդ կուսակցության ներսում ամեն ինչ չէ, որ նորմալ է»:

ՄՏԱՍԵՎԵՌՄԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ
«168 ժամ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Արա Սահակյանը, խոսելով ՀԱԿ-ի մասին, ասել է, թե վերջին անգամ այդ շրջանակ ոտք է դրել 5 տարի առաջ եւ հասկացել, որ «ոմանք չնվաճված իշխանությունը բաժանելու մտասեւեռման վիճակում են»:

«Ո՞ՆՑ ԿԱՐԱՄ ՉԴԻՄԱՎՈՐԵՄ»
«Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունն ինչ որոշում կայացրել է, ես դրան կողմ եմ»,-երեկ «Առավոտ»-ին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Պատասխանելով հարցին, թե իր ներկայությունը նշանակում է արդյոք, որ ՀՀԿ-ի օգտին է աշխատելու, Գուլոյանն ասել է. «Ես քաղաքապետ եմ, ես ի՞նչ իրավունք ունեմ ստեղ չլինել: Երկրի նախագահն ա գալիս, ո՞նց կարամ չդիմավորեմ երկրի նախագահին»: Իսկ լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում իր կուսակից, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանին սատարելու որոշմանը, Գուլոյանն ասել է. «Սամվել Բալասանյանի թեման գնացե՛ք իրանի՛ց հարցրեք»:

ՆՈՐ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՈՒԺ
Երեկ տեղի է ունեցել «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության  ղեկավար մարմնի` Վարչության անդամներ են ընտրվել Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը, Հովհաննես Եղյանը եւ Խորեն Հարությունյանը: «Հայազն» կուսակցության հիմնական նպատակը ազգային պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է: Կուսակցությունը դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որեւէ կառույցում Հայաստանի ներգրավմանը: Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման մեջ: Արեւմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը եւ պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում: Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը:




Լրահոս