ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Վրաստանի Հանրապետությունում

Աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղնախարար Օթար Դանիլայի եւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեի ուղեկցությամբ այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն: Այցելության առաջին օրը Ս. Կարապետյանը ծանոթացել է նաեւ ձկնաբուծության ոլորտում վրացական փորձին: Նախարարը եղել է «Իխտիոսի» ձկնաբուծարանում, որտեղ արտադրությունն իրականացվում է փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգով:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ամուսնացած եմ եւ ունեմ երեք տարեկան որդի: Հաջորդ տարի պետք է մեկնեմ պարտադիր զինվորական ծառայության: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ օգտվել բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:

Սարգիս Մարգարյան (25 տարեկան, ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաեւ այդ ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվելու հիմքերը, ըստ որի նման իրավունք ունեն՝
ա) միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.
բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.
գ) ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկները.
դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ՝ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր.
ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:
Այսպիսով՝ Դուք կարող եք օգտվել բնակության վայրին մոտ, այն է՝ Ձեր հաշվառման (հաշվառում չունենալու դեպքում՝ փաստացի բնակության) վայրից մինչեւ 150 կմ տեղակայված զորամասում ծառայելու արտոնությունից:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ օրենքը հնարավորություն տալիս է ծառայելու բնակավայրին առավել մոտ տարածքում: Բայց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու, վարժական հավաքից, զորահավաքից եւ զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաեւ զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները եւ զինապարտները պատասխանատվության են ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով: Այնպես որ, չարժի ռիսկի դիմել:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե ամուսիններն ամուսնալուծվել են, ապա նման դեպքերում կարո՞ղ են իրավական հետեւանքներ առաջանալ, թե ոչ: Եվ խնդրում եմ ասեք, թե որքա՞ն է կազմում պետական տուրքը:

Նելլի Մնացականյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը: Ինչ վերաբերում է սահմանված դրույքաչափին, ապա տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք՝ 10.000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5.000 ՀՀ դրամ պետական տուրք:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ամուսնալուծությունների 1900 դեպք՝ նախորդ տարվա 2469-ի համեմատությամբ: Հարկ ենք համարում ավելացնել, որ 2015թ. հուլիսի 1-ին գրանցվել է ամուսնությունների 8582 դեպք՝ 2014թ. 9563 դեպքի համեմատ:




Լրահոս