Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին անդրադառնում է Հայաստանից հեռացած, բայց քվեարկելու իրավունք ունեցողների խնդրին:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.
“Հարգելի պարոն Մուկուչյան, ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների հարգելի ղեկավարներ եւ անդամներ
Արդեն առիթն ունեցել եմ մեկ անգամ  դիմելու ՀՀ ԿԸՀ-ին եւ մտահոգությունս արտահայտելու առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված լինելու կապակցությամբ: Ստիպված եմ, վերստին, հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա,  որ անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող առնվազն մեկ միլիոն քաղաքացիների ձայները կարող են նախկինի պես օգտագործվել ընտրությունների վերջնարդյունքը կեղծելու համար: Մեր համոզմամբ, նախկին համապետական ընտրությունները կեղծվել են եւ առնվազն կես միլիոն քվեներ  հավելագրվել են հօգուտ իշխանության թեկնածուի, ինչը հաստատվում է ամենապարզ հաշվարկի միջոցով: ՀՀ ԿԸՀ-ին հասցեգրված իմ նախորդ նամակով (15.01.2013թ. թվագրված) ես հորդորում էի ՀՀ ԿԸՀ-ին, որը ՀՀ “Ընտրական օրենսգրքի” տասներորդ հոդվածի համաձայն ընտրությունները կազմակերպող եւ ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինն է, կանխել հնարավոր զանգվածային ընտրակեղծարարությունը Հայաստանից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ հավաստի թվային տվյալներ հրապարակելու միջոցով: ԿԸՀ-ն իր որոշմամբ իմ առաջարկը դիտարկեց ոչ թե որպես ընտրակեղծարարությունը կանխող միջոց, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջ, որը եւ մերժեց, մերժումը հիմնավորելով նրանով, որ նման տեղեկատվություն տրամադրելը չի մտնում ԿԸՀ-ի լիազորությունների մեջ: Ելնելով վերը ասվածից` ստիպված եմ վերահաստատել պահանջս եւ հատուկ ընդգծել, որ ես ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ եմ ներկայացնում, այլ պահանջում եմ, որպեսզի ԿԸՀ-ն` վերը մեջբերված իր լիազորությունների եւ պարտականությունների բերումով կանխի ընտրակեղծարարությունը` ՀՀ-ից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալները հանրությանը հասանելի դարձնելու միջոցով:
Պետք է հավելեմ նաեւ, որ մենք հետեւում ենք նախընտրական գործընթացներին եւ արձանագրում ենք ընտրողների վրա գործադրվող զանգվածային ճնշման դրսեւորումներ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ եղել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, իսկ բնակելի շենքերի լիազորներին վարչական շրջանների պաշտոնական ներկայացուցիչները` այսինքն պետական ծառայության մեջ գտնվող անձինք հրահանգել են հավաքագրել իրենց շենքերում գրանցված եւ Հայաստանից հեռացած կամ առկա ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ եւ այս աշխատանքները հիմնականում արդեն ավարտված են: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ ձեւաթղթեր (նմուշը կցվում է), որի վերջին տողը պետք է տվյալներ պարունակի պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն արտահայտած ընտրողների թվի վերաբերյալ: Մենք ընտրողների նկատմամբ զանգվածային ճնշման դրսեւորում ենք գնահատում պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից գործող իշխանության ղեկավարի թեկնածուական շահերի հանդեպ ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը: Մյուս կողմից արդեն պարզ է, որ Հայաստանից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներն արդեն հավաքագրվել են եւ իշխանության պարտականությունն է դրանք հրապարակել առնվազն մինչեւ փետրվարի տասներեքը:
Կարծում եմ, որ ՀՀ ԿԸՀ-ն եւ գրանցված դիտորդական առաքելությունները պետք է անհրաժեշտ քայլերը կատարեն զանգվածային օրինախախտումները կասեցնելու եւ կանխելու համար, որոնցից առաջինն ու կարեւորագույնը պետք է լինի Հայաստանից բացակա ընտրողների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալների հրապարակայնացումը: Մենք շարունակում ենք նաեւ Հայաստանից հեռացած ընտրողների ընդհանուր թվաքանակի ճշգրտումը եւ արդեն հիմա կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է նկատելիորեն գերազանցել մեր կողմից նախապես նշված մեկ միլիոնը: Այժմ այս ուղղությամբ հատուկ հետազոտություն է իրականացվում, որը կհրապարակվի մոտ օրերս”:




Լրահոս