ՀՀ նախագահի ընտրություններից հետո ԱԺ միջխորհրդարանական պատվիրակություններից մի քանիսի կազմը ենթարկվելու է փոփոխության. ՀՀԿ-ում բարձրացվել է կարեւոր պատվիրակություններում` ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ԱՊՀ ԽՎ-ում, փորձառու պատգամավորներին ընդգրկելու հարցը: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ե՛ւ ՀՀԿ-ում, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բարձրացվել է մասնավորապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական երկու երիտասարդ անդամներին` Նաիրա Կարապետյանին ու Արփինե Հովհաննիսյանին հետ կանչելու հարցը, քանի որ նրանցից լուրջ դժգոհություն կա: Իսկ աղջիկների փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկվելու են Կարեն Ճշմարիտյանն ու Հերմինե Նաղդալյանը: ՀՀԿ-ում քննարկման ժամանակ տեսակետ է հնչել, որ լուրջ պատվիրակությունները «էքսպերիմենտների» ու երիտասարդների՝ փորձ ձեռք բերելու վայր չեն, եւ որ նրանք դա կարող են ուրիշ տեղերում անել: Սակայն միաժամանակ որոշում է կայացվել փոփոխություններն անել նախագահական ընտրություններից հետո, ընդ որում այդ անդամները նշանակվելու են բացառապես Սերժ Սարգսյանի համաձայնությամբ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, որը, սակայն, ասաց, թե առաջին անգամն է նման բան լսում:
ՓՈԽԵԼՈՒ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ