Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դարձավ 2 տարեկան: Այս երկու տարիների ընթացքում մենք հասցրեցինք հայաստանյան մի շարք ավանդական թերթերի կողքին մեր տեղը գրավել եւ շուկայում ունենալ մեծ պահանջարկ:
Սրա մասին է վկայում մի շատ կարեւոր իրողություն, որ տարեցտարի «Ժողովուրդ» օրաթերթի տպաքանակը միայն բարձրանում է: Նշանակում է՝ մարդիկ ընթերցում են մեր օրաթերթը, հավատում ու գտնում այնտեղ իրենց հետաքրքրող տեղեկություններ: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր կարգախոսին՝ «Օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»: Մեզ համար չկան տաբուներ, սիրելի եւ ատելի մարդիկ: Մենք իրականացնում ենք մեր պրոֆեսիոնալ պարտականությունը եւ շարունակելու ենք այդ տեմպերով: Գլխավոր խնդիրը մեզ համար եղել եւ մնում է օբյեկտիվությունն ու բազմակարծությունը: Ու հավանաբար այս սկզբունքները դուր չեն գալիս իշխանական էլիտայի ներկայացուցիչներին: Դրա համար էլ տարբեր ժամանակներում «Ժողովուրդ»-ը հայտնվում է իշխանական թափթփուկների նշանակետում:
Բայց հոգ չէ. ոչ մի սպառնալիք, ոչ մի իրավական գործընթաց չի կարող մեզ հետ կանգնեցնել մեր նախանշած ուղուց: Մեր գործն արդար է, մենք առավելագույնս անկեղծ ենք մեր ընթերցողի հետ եւ շարունակելու ենք մնալ այդպիսին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, հոգնելով ու զզվելով անարդարությունների շրջապտույտից, դիմել են՝ տարբեր բնույթի օգնության ակնկալիքով, ու շատ-շատերի հարցերը լուծվել են: Մենք ստիպել ենք անտարբեր չինովնիկին, որպեսզի լսի քաղաքացուն, լուծի նրա խնդիրը: Կարճ ասած՝ «Ժողովուրդ»-ն իրացնում է իր բաժին իշխանությունը՝ որպես չորրորդ իշխանություն:
Տեղեկացնենք, որ երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն այցելեց ԴԱՀԿ Կենտրոնի բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը եւ կազմեց արձանագրություն օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ: Իսկ դատական դեպարտամենտի խոսնակ Արսեն Բաբայանը մինչ օրս «պատռում» էր իրեն, թե ԴԱՀԿ աշխատակիցները չեն կարող մտնել խմբագրություն: Բայց նրանք ոչ միայն եկան, այլեւ եկան նախապես հայտարարված հետախուզման թերթիկով. պետական ատյանները ողջ երկրով մեկ «Ժողովուրդ» օրաթերթի անունով գրանցված գույք են փնտրում, որպեսզի հաշվառեն ու հետագայում վաճառելով՝ վճարեն Ձվերի Խաչիկի արժանապատվության 3 մլն դրամը: Օլիգարխ Խաչիկը չի բավարարվում իր ունեցվածքով, տարաբնույթ խախտումներով իր արտադրանքն իրացնելու միջոցով ձեռք բերված գերշահույթներով, հիմա էլ աչքը տնկել է «Ժողովուրդ»-ից ստացված 3 մլն դրամի վրա:
Բայց հոգ չէ, «Ժողովուրդ»-ն անցած երկու տարիների ընթացքում կարողացավ ապացուցել, որ անգամ դատարաններ ներկայացրած հայցադիմումները եւ միլիոնավոր դրամանոց պահանջները չեն կարող վախեցնել մեզ կամ նահանջի առիթ դառնալ: Մենք չենք դավաճանի մեր սկզբունքներին եւ համարձակության տոկոսը, որ պահպանում ենք թերթի էջերում, չենք նվազեցնի: Կռիվ կտանք մինչեւ վերջ:
ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ԴԱՀԿ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»