«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին: Փոխարենը այդ խմբակցության կազմում է շարունակում մնալ ԱԴԿ-ական Ալեքսանդր Արզումանյանը, սակայն սա` ընդամենը իրավաբանորեն, քանի որ Արզումանյանը եւս փաստացի չի ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը:
Իսկ այդպես է ստացվել, քանի որ ՀՀ օրենսդրական դաշտն այս առումով հետաքրքիր սողանցք է նախատեսում. ԱԺ կանոնակարգի 14-րդ հոդվածի 3-րդ մասի ու ՀՀ ՍԴ 2009թ. հունիսի 30-ի 810 որոշման համաձայն` համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դեպքում պարտավոր է նաեւ վայր դնել մանդատը: Սակայն այս դրույթը չի վերաբերում համամասնական ցուցակի առաջին 3 համարներին, այսինքն` նրանց, ում անունները գրված են համամասնական քվեաթերթիկի վրա: Արդյունքում` Քոքոբելյանը, որ «Ժառանգության» ցուցակի 2-րդ համարն էր, անունը գրված է եղել քվեաթերթիկին, հնարավորություն է ունեցել դուրս գալ խմբակցության կազմից` առանց վայր դնելու մանդատը, իսկ Արզումանյանը մանդատը պահելու համար ստիպված է մնալ «Ժառանգության» մեջ: Փաստորեն, ԱԴԿ-ականները, մի կողմից ապահարզան հայտարարելով «Ժառանգությանը», մյուս կողմից շարունակում են օգտվել այդ կուսակցության օգուտներից:
Պատահական չէ, որ Խ. Քոքոբելյանը նման քայլի է դիմել հենց նախընտրական այս թոհուբոհում, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Ճիշտ է, երեկ նա հայտարարել է, թե իր քայլը կապ չունի ընտրությունների հետ: «Դեմ լինելով ձեւական գործողություններին` ընդամենը օրինականացրել եմ գործընթացը: Այս գործընթացի տակ որեւիցե այլ բան պետք չէ փնտրել, ամենայն պատասխանատվությամբ եմ դա ասում: Դա ոչ մի կապ չունի ո՛չ ընտրությունների, ո՛չ էլ քաղաքական այլ գործընթացների հետ»,-ասել է Քոքոբելյանը: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նրա արարքը նաեւ նախապատմություն ունի:
«Ժառանգություն» խմբակցությունը ԱԴԿ-ի՝ ԱԺ նախորդ նստաշրջանում հայտարարած ապահարզանից հետո ետ է կանչել ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից Խ.Քոքոբելյանին. հունվարի 14-ից այնտեղ ընդգրկվել է «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը: Այս քայլը, սակայն, վնասում է Քոքոբելյանին. ընդգրկված չլինելով որեւէ մշտական հանձնաժողովում՝ նա հայտնվել է աշխատավարձից զրկվելու վտանգի առաջ. օրենքը նախատեսում է, որ պատգամավորներն ընդգրկվեն նաեւ հանձնաժողովների մեջ, այլապես դա կդիտվի անգործություն: Ըստ մեր տեղեկությունների՝ դրա հետեւանքով էլ, փաստորեն, Քոքոբելյանը դիմել է այդ քայլին: Ինչ վերաբերում է Արզումանյանին, ապա նրա բախտն ըստ էության բերել է. լինելով արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ՝ նրան ետ կանչելու եւ նրան հանձնաժողովում փոխարինելու մեխանիզմ ԱԺ կանոնակարգում չկա. այդ պաշտոնից նա կարող է զրկվել միայն ինքնակամ` հրաժարական ներկայացնելու դեպքում, մի քայլ, որին նա չի գնա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այդ փաստը. «Իրեն կարող եք հարցնել, ես ոչինչ ասել չեմ ուզում»,-նշեց նա` հավելելով, որ իրենց խմբակցությունն ԱԺ նախորդ նստաշրջանում էր հայտարարել, որ ԱԴԿ-ականները չեն ներկայացնում իրենց խմբակցության տեսակետը, ու հիմա Քոքոբելյանն իր որոշմամբ ընդամենը պաշտոնականացրել է իր քայլը:
Նկատենք, որ «Ժառանգություն» խմբակցությունում բավական օրիգինալ պատկեր է ստեղծվել. 5 հոգանոց խմբակցությունում հիմա մնացել է 4 հոգի, այն էլ նրանցից մեկը փաստացի չի ներկայացնում այդ խմբակցությունը, իսկ մեկն էլ` Թ.Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ: Ու հիմա այդ քաղաքական ուժի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: Ռուբիկ Հակոբյանն այս կապակցությամբ նշեց, թե նախընտրական հանդիպումներում ժողովուրդն ամենեւին էլ չի հիշում ԱԴԿ-ի ու «Ժառանգության» միջեւ տեղի ունեցածը: «Եթե ասեմ, որ կատարվածն ընդհանրապես չի անդրադառնա, ճիշտ չեմ լինի: Բայց չեմ կարծում, որ դա լուրջ անդրադարձ ունեցավ, որովհետեւ նախընտրական քարոզարշավի այս փուլում Ր. Հովհաննիսյանի հետ ես էլ եմ հանդիպումներին լինում, եւ գրեթե նման հարց չի տրվում, որեւէ անդրադարձ, ըստ էության, չի լինում»,-նշեց նա` հավելելով, որ նման դեպքերը չեն կարող խաթարել Ր.Հովհաննիսյանի քարոզարշավը:
Խոստովանենք` ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում ստեղծված իրավիճակը ճիշտ եւ ճիշտ նման է Թումանյանի հայտնի հեքիաթին. «Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս