ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս  հունվարի 24-ին  «Ժողովուրդ» օրաթերթը  ահազանգել էր, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Սյունիքի մարզի  արոտավայրերը երկարաժամկետ վարձակալության տրամադրել Իրանին: Ինչպես այդ հրապարակմանն, այնպես էլ  բնապահպանների եւ քաղաքացիական նախաձեռնությունների բաց նամակներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը  համառորեն շարունակում էր հավաստիացնել, որ Սյունիքի մարզի արոտավայրերի վարձակալության հետ կապված որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն ինչպես պարզվեց, հայրենի իշխանությունները հերթական անգամ որոշել են երկրի համար կարեւորագույն  նշանակություն ունեցող հարցերը  լուծել հանրությունից գաղտնի` թերեւս մտածելով, որ այս նախընտրական թոհուբոհի մեջ դա կարող է եւ աննկատ անցնել: Հունվարի 15-ին  ԻԻՀ Արեւելյան Ատրպատական կատարած այցելության ընթացքում հայկական պատվիրակության եւ իրանական կողմի միջեւ ստորագրվել է  մի համաձայնագիր, ըստ որի՝ ամենաքիչը 10 տարով եւ ամենաքիչը 50 հազար հեկտար արոտավայր`  հեկտարը առավելագույնը 25 դոլար վարձավճարով, հատկացվելու է  իրանական կողմին: Հատուկ ընդգծենք, որ «Էկոլուր»-ի կողմից հրապարակված այդ փաստաթղթում հղում է արված ավելի վաղ` դեռեւս 2012թ. հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի  նահանգապետ  Ալիռեզա  Բեյգի միջեւ Գորիսում կնքված Փոխըմբռնման  հուշագրով ամրագրված պայմանավորվածություններին: Այդ փաստաթղթի 3-րդ եւ 11-րդ կետերով արդեն իսկ նախանշվում է  արոտավայրերը հանձնելու  ծրագիրը, որի իրագործման մեկնարկն էլ, փաստորեն, տրվեց մի քանի օր առաջ ստորագրված համաձայնագրով: Այդպիսով՝ Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալության տալու ծրագրի իրագործումը պաշտոնական մակարդակով մեկնարկել է առնվազն  7 ամիս առաջ (առնվազն, քանի որ հայտնի չէ, թե էլ ինչ գաղտնի փաստաթղթեր կան), մինչդեռ  մեր կողմից խնդրի բարձրաձայնմանն, ինչպես նաեւ «Թռչկան» նախաձեռնության` կառավարությանն ուղղված բաց նամակին ի պատասխան, թե՛ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ թե՛  փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը  վստահեցրել էին, որ  արոտավայրերի վերաբերյալ որեւէ համաձայնություն ձեռք բերված չէ: Ավելին, Արմեն Գեւորգյանը անցած դեկտեմբերի 26_ին հայտարարել էր. «Այս պահի դրությամբ այդ հարցի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի: Եթե նման փաստաթուղթ դրվի շրջանառության մեջ, ապա  նախարարությունն այդ մասին   նախապես կտեղեկացնի հանրությանը»: Ցանկանում ենք կրկին շեշտել, որ հունվարի 15-ին  ստորագրված հայ-իրանական համաձայնագիրը սկսվում է հետեւյալ ձեւակերպմամբ. «Ի հետեւումն նախկինում (10.07.2012)  Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի մարզպետների միջեւ տեղի ունեցած համաձայնությունների…»: Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի կառավարության անդամները բացահայտ կերպով ստել են ` նպատակ ունենալով սյունեցիների  եւ ողջ հայ ժողովրդի թիկունքում կնքել ազգային անվտանգության  տեսանկյունից խիստ կասկածելի այդ  համաձայնագիրը: Ահա այսպես են իշխանությունները  կառուցում ապահով Հայաստան:




Լրահոս