«Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկ»-ի, «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&S» կահույքի խանութների ցանցի, Սեւանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն աճուրդի է հանել իր պատիվն ու արժանապատվությունը. եթե նախկինում նա իր արժանապատվությունը գնահատում էր 3 մլն դրամ, հիմա գինը բարձրացրել է` հասցնելով 6 մլն-ի: Բանն այն է, որ Ձվերի Խաչիկը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի ու լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ` իբր իրեն վիրավորելու համար: Խոսքն այն օլիգարխի մասին է, որը «Ժողովուրդ»-ի թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա», հետո հրաժարվել ներողություն խնդրելուց: Ու երբ թերթը նրա դեմ հայց է ներկայացրել` պահանջելով ներողություն խնդրել, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել` պահանջելով ընդհանուր առմամբ 6 մլն 200 հազար դրամի փոխհատուցում: Այստեղ է, որ ասվում է` «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»: Նշենք, որ այս գործով դատավորը Գագիկ Խանդանյանն է, որի կայացրած վճռի արդյունքում ժամանակին փակվեց «Չորրորդ իշխանություն» թերթը, եւ հիմա այն հրատարակվում է «Չորրորդ ինքնիշխանություն» անվամբ: Այնպես որ, անհույս փորձեր են արվում «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ: Ազատ խոսքն անկարելի է լռեցնել: Մենք կշարունակենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս:
ԽԱՉԻԿՆ ՈՒ 6 ՄԼՆ-Ի ՊԱՏԻՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ