7 ԿԵՏԻՆ ՀԵՏԱՄՈՒՏ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ՝ ԱԺ հայտարարությունների ժամին, կարեւորել է 3 հիմնական քաղաքական ուժերի` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու որոշումը: Նա նաեւ նշել է, որ ՀՅԴ-ն հրաժարվում է պահանջատեր լինել իր հրապարակած օրակարգային 7 կետերին: «Մենք, նույն այդ 7 կետերի իրականացմանը հասնելու նպատակահարմարությունից ելնելով, այս պայմաններում հրաժարվում ենք պարտադրված կանոններով խաղեր խաղալուց: Երբ, այս ամենը իմանալով, մեզ քննադատում են իշխանությունները, ինչ-որ առումով հասկանալի է, որովհետեւ հակառակ դեպքում նրանք ստիպված պիտի ընդունեն այսպիսի ընտրություններից հրաժարվելու մեր փաստարկները: Սակայն երբ իրենց մասնակցությունը արդարացնելու համար այդ քննադատություններին միանում են նրանք, որոնք, թվում է, թե իշխանության դեմ պետք է պայքարի ելած լինեին, առնվազն տարօրինակ է: Թվում է, թե նրանք պետք է ուրախ լինեին, որ դաշտը մնացել է միայն իրենց եւ կարող են միավորել ու լիովին տնօրինել ընդդիմադիր ընտրազանգվածը: Իսկ եթե փորձելու են իրենց առաջադրումը հիմնավորել նրանով, որ ավելի շատ տոկոս ունեն, քան չմասնակցողները, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետեւ չմասնակցողների գումարային տոկոսը կազմում է շուրջ 45 տոկոս, որից իրենք անհամեմատ ավելի հեռու են»,-ասել է նա:
ԱԽՐ Ո՞ՆՑ ԳԱՆ
Ի պատասխան Հրանտ Բագրատյանի եւ ՍԵրժ Սարգսյանի մասնակցությամբ բանավեճ տեսնելու արմավիրցիներից մեկի ցանկությանը, նախագահի թեկնածու Հ. Բագրատյանն արձագանքել է. «Չի՛ գա: Ոչ ոք չի գա, որովհետեւ կնստի կողքս, ու բոլորդ կհասկանաք, որ բոբիկ ա: Բան ունի ասելու, թող գա, ասի: Ընտրությունների ձեւն ըտենց ա: Տեսա՞ք, Օբաման նստած Ռումնիի հետ խոսում էր 3 ռաունդ: Եվ շատ պրոֆեսիոնալ էին խոսում: Ս. Սարգսյանը կարող է ասի՝ գիտեք, ես լավ տնտեսագիտություն չգիտեմ, ես լավ ֆինանսների մինիստր ունեմ: Ես իրան ասել եմ՝ արի՛ թիմով: Ես մենակ գամ, դու արի՛ վարչապետով, ֆինանսների նախարարով, ԿԲ նախագահով: Դեմ չեմ, թող հետեւդ նստեն: Թող գան»:
Ո՞Ր ԼԱՎԻ ՀԱՄԱՐ
«Առավոտ»-ը ՀԱԿ եւ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվել է, թե ինչով կարող է պայմանավորված լինել Սերժ Սարգսյանին սատարելու Արմեն Սարգսյանի որոշումը` հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար, իսկ ազատություն ստացավ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: «Վազգեն Սարգսյանի եղբայրն իր գործողություններով, իր հայտարարություններով ապացուցեց, որ ինքն է պատվիրատուն եղել, հակառակ դեպքում հանիրավի մարդուն դատապարտելուց հետո նա չի կարող այսպես առաջ ընկնի ու պաշտպանի, հետո պատճառաբանի: Թե ո՞ր սխրանքի համար. որ 1 միլիոն 700 հազար սոված մա՞րդ կա Հայաստանում, որ 500 հազար մարդ լքե՞լ է իր բնօրրանը, որ թուրքերի հետ արձանագրություն է ստորագրում, որից հետո տարուց ավելի է, ոչ մի երկիր է՛լ Հայոց ցեղասպանությունը չի՞ ճանաչել, ինչի՞ համար»,-ասել է Եղիազարյանը:
ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է
Երեկ ԿԸՀ-ն ստացել է ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որում նա նշում է, որ ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակներում օգտագործում է իր եւ իր համախոհների պատկերները, ինչն անթույլատրելի է. «Սա մոլորություն է ստեղծում քաղաքացիների մոտ եւ կարող է տպավորություն ստեղծել, որ ես եւ իմ համախոհներն աջակից ենք իշխող կուսակցության ղեկավարին: Ինչը, գիտենք, որ այդպես չէ»: