ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի գործով հերթական դատական նիստը: Այն սկսվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ սկզբում բացակայում էին ե՛ւ ամբաստանյալի փաստաբանները, ե՛ւ տուժող կողմի ներկայացուցիչները: Նիստի հենց սկզբում անձնական տվյալների ճշտման համար երկու հարց ուներ տուժողի իրավահաջորդի լիազորված անձ Արմեն Մելքոնյանը, բայց այդ հարցերին՝ ծառայել է հայոց բանակում, ներկայում առողջ է, թե ոչ, Հարություն Սարգսյանը պատասխանել չցանկացավ: Նա նշեց, թե ծառայել-չծառայելու վերաբերյալ գործում կա տեղեկանք, հետո էլ ավելացրեց, թե ունի իրավունք եւ օգտվելով դրանից` չի պատասխանում այդ հարցին:
Այնուհետ իր պաշտպանյալ Հ. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալն անազատության մեջ է պահվում ապօրինի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, Վճռաբեկ դատարանի ու եվրոպական երկրների մի շարք նախադեպային որոշումներին: Մի քանի էջից բաղկացած միջորդությունում նա մեկ-մեկ առանձնացրել էր այն հիմքերը, որոնցով դատարանից պահանջում էր իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակել ու նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին որոշում կայացնել: Նշված միջնորդությանը դեմ եղան տուժող կողմի ներկայացուցիչները, այնուհետ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Երկու ժամ հետո վերադառնալով նիստերի դահլիճ՝ նախագահող դատավոր Մարտին Սարոյանը ներկայացրեց միջնորդությունը մերժելու ու ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշումը:
Նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպանների կողմից եւս մեկ միջնորդություն ներկայացվեց: Ամբաստանյալի շահերի երեք պաշտպաններից մեկը՝ Հունան Բաբայանը, միջնորդեց նիստը հետաձգել 10 աշխատանքային օրով, որպեսզի կարողանա ծանոթանալ գործին: Նա խնդրեց նաեւ իրեն հնարավորություն տալ տեսակցել Հ. Սարգսյանին, քանի որ ինքը՝ որպես իրավաբան, միայն երեկ է ներգրավվել գործում: Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 27-ին:
Նշենք, որ նիստերի դահլիճ մուտք գործելու համար բոլորից պահանջում էին անձը հաստատող փաստաթուղթ, իսկ արական սեռի ներկայացուցիչներից` նաեւ ցույց տալ գրպանների պարունակությունը:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս