Գյումրիում բացվել է ոստիկանության նորակառույց շենքը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցել է ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը:
1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում:
2008 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը, որը դադարեցվեց 2010-ին: Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ նրանք ամենակարճ ժամանակում նոր շենք կունենան: Եվ ահա 2012 թվականի ապրիլին վերսկսված շինարակական աշխատանքներն ավարտված են, ու ոստիկանները հերթական նորամուտն են նշում:
Ոստիկանության Գյումրիի բաժնի քառահարկ շենքն ունի բոլոր պայմանները լիարժեք իրավապահ գործունեություն իրականացնելու համար՝ ժամանակակից, հարմարավետ, լուսավոր աշխատասենյակներ՝ կահավորված ու հագեցված համակարգչային տեխնիկայով, հրաձգարան, մարզասրահ, ճաշարան, իսկ անձնագրային բաժանմունքի հատվածը բոլոր պայմաններն ապահովում է քաղաքացիներին արագ ու որակյալ սպասարկելու համար:




Լրահոս