Մանվել Գրիգորյանը շնորհավորել է արցախյան շարժման 25-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկրապահ համավորականների միության վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան շարժման 25-ամյակի առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
“Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ ազատամարտիկների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
1988-ի զարթոնքը մեր պատմության ամենահերոսական էջերից է:
Հայ ժողովուրդն իր միասնականությամբ, մի բռունցք դարձած կարողացավ դիմակայել բոլոր դժվարություններին: Արցախը դարձավ այն առանցքը, որի շուրջ հայությունը վերաիմաստավորեց իր գոյությունը:
Մենք միասնաբար ապացուցեցինք, որ աշխարհում մեր հաստատուն տեղի իրավունքն ունենք, կարող ենք դիմանալ ազգերի մրցակցությանը, կարող ենք հաղթել մեզ պարտադրված պատերազմում:
Մեր ժողովրդի մաքառումների, հերոսներ ծնած հերոս մայրերի զավակների անձնազոհության շնորհիվ, մենք այսօր ունենք ազատագրված Արցախ, որի անկախությունն այլեւս անբեկանելի է, որպես կայացած պետություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ազգային զարթոնք ապրած եւ արցախյան պատերազմի դժվար ճանապարհն անցած ու հաղթանակած մեր ժողովրդին` Հայաստանի, Արցախի եւ աշխարհասփյուռ հայությանը:
Մեր բոլոր ձեռքբերումները միասնականության արդյունք են:
Միասնականությամբ, համախմբված մենք կարող ենք հաղթահարել մեզ սպասվող մարտահրավերները:
Կոչ անելով միասնականության հավաստիացնում եմ, որ երկրապահները, երկրապահական նոր սերունդները հավատարիմ մնալով մեր զոհված ընկերների հիշատակին, այսուհետ էլ տեր են մեր ձեռք բերած հաղթանակին, մեր ժողովրդի ու մեր երկրի ներկային եւ ապագային:
Փառք հայ ժողովրդին.
Փառք հերոս Արցախին
Հավերժ փառք ազատության ու անկախության համար նահատակված հայորդիներին”:




Լրահոս