ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԽՃՈՒՂՈՒՄ
Երեկ՝ երեկոյան, կրակոցներ են հնչել Աշտարակ-Էջմիածին խճուղում: NEWS.am-ի տեղեկություններով` այստեղ գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել տնօրենի եւ Աշտարակի գազի ծառայության աշխատակիցների միջեւ, որոնք եկել են կուտակված մի քանի միլիոն պարտքի դիմաց գազամատակարարումը դադարեցնելու: Հենց գործի են անցել, տնօրեն Մխիթարյանը մոտեցել է, հայհոյել, վիճաբանել ու այդ ընթացքում կրակել: Նրան բերման են ենթարկել:

ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ
ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով նախագահական ընտրապայքարի ընթացքին, երեկ ասել է. «Ասում են, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, բայց արդյո՞ք կանխատեսելի է դրանց ընթացքը: Այս օրերին կատարվող անկանխատեսելի դեպքերը վկայում են, որ ո՛չ: Հստակ միտումներ կան` հետաձգելու ընտրությունները եւ ընտրությունները տանել մի այնպիսի վիճակի, որն ակնհայտ ձեռնտու չէ իշխանության թեկնածուին: Թե ինչ մեթոդներով են որոշ ուժեր դրան հասնելու, դեռ հայտնի չէ, համենայնդեպս, Հայրիկյանի դեմ մահափորձը վկայում է, որ կկիրառվեն ոչ քաղաքական գործիքներ»:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՐՑԸ
Panarmenian.net-ի տեղեկացմամբ` ՌԴ Պետդումայի նախագաh Սերգեյ Նարիշկինը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքին հիմնականում խոչընդոտում է հանրաքվեի անցկացման մասին հարցը, սակայն դա լուծելի խնդիր է:

ԷԼԻ ԹՈՒՆԻՍՎՈՒՄ ԵՆ
Թունիսի մայրաքաղաքի հազարի չափ բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդիմադիր «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Շուքրա Բալաիդի սպանությունից հետո: «Ան-Նահդա» կուսակցությունը, որի անողոք քննադատն էր սպանված ընդդիմադիր գործիչը, արդեն հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ: Բալաիդի սպանության լուրն ստանալուն պես երկրի նախագահ Մունսեֆ Մարզուկին դադարեցրել է իր այցը Ֆրանսիայում եւ հետաձգել հինգշաբթի նախատեսված այցը Եգիպտոս:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՈ՞Վ
Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտել է, թե ինչ են խոսել Հրանտ Բագրատյանի հետ նախօրեին «Անի» հյուրանոցում թեյ խմելիս. «Հայրիկյանի հարցը չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը»:

ԳՈՐԾԻՔ ՉԿԱ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը, որն այս պահին թեեւ դուրս չի եկել կուսակցությունից, բայց սառեցրել է հարաբերությունը կուսակցության հետ, շարունակում է պնդել, որ այս երկրում ընտրություններով ոչինչ չի փոխվի, եւ միայն հեղափոխությամբ է հնարավոր հասնել փոփոխության։ «Եթե ես տեսնեմ, որ հեղափոխություն անող ուժ կամ գործիք կա այստեղ, միգուցե ես կմիանամ, բայց դեռեւս իմ մասնակցությունը չեմ տեսնում»,-Tert.am-ին ասել է Այվազյանը:




Լրահոս