Մարտի սկզբին Լոս Անջելեսում կտրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այն կսկսվի գալա համերգով, որին կմասնակցեն Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ եւ կամերային նվագախմբերի մենակատարները, «Դիլիջան» կամերային նվագախումբը:
Հոլիվուդի հեղինակավոր կինոսրահներից մեկում կցուցադրվի միջազգային մրցանակների արժանացած «Կուն» պրոդյուսերական կենտրոնի նկարած «Արամ Խաչատրյան» վավերագրական ֆիլմը` օտար հանդիսատեսի եւ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Հայկական երաժշտության բարեկամներ» խմբի հետ գործակցությամբ կկայանա համերգ-դասախոսություն` նվիրված մեծ կոմպոզիտորի կյանքին եւ ստեղծագործությանը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հավաստիացնում է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանական տարին ԱՄՆ-ում կկազմակերպվի պատշաճ մակարդակով, եւ լոսանջելեսյան միջոցառումներն իրենց ծավալով եւ ընդգրկմամբ լավագույններից մեկը կլինեն Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա ընթացքում:
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ