ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին քրեական պատասխանատվության է ենթարկվում, բայց հետո ապացուցվում է, որ այդ ամենն անհիմն է, հետագայում փոխհատուցվո՞ւմ է անհիմն ենթարկումից հասցված վնասը:

Ալիսա Մկրտչյան (67 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու եւ դատապարտման հետեւանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Նա իրավունք ունի ստանալ՝
1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից զրկվել է,
2) գույքի բռնագրավմամբ՝ այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետեւանքով պատճառված վնասը,
3) վճարված դատական ծախսերը,
4) փաստաբանին վճարված գումարները, դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:
Գումարները, որոնք ծախսվել են անձին անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը, ինչպես նաեւ անազատության մեջ պարտադիր աշխատանքներ կատարելու համար այդ անձի աշխատավարձը չեն կարող հանվել այն գումարից, որը ենթակա է վճարման քրեական վարույթն իրականացնող մարմնի սխալի հետեւանքով պատճառված վնասը հատուցելու համար: Այն դեպքում, երբ քրգործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է կամ արդարացման դատավճիռ է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով, սույն հոդվածով նախատեսված վնասի հատուցումը կատարվում է միայն քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայցի լուծումից հետո:
Այն դեպքում, երբ արդարացման դատավճիռը կամ քրգործը կարճելու կամ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, որի հիման վրա կատարվել է վնասի հատուցում, վերացվել է, եւ համապատասխան անձի նկատմամբ նույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ, գումարները, որոնք վճարվել են որպես վնասի հատուցում, կարող է առգրավել դատարանը` որոշման կատարման շրջադարձման կարգով:
Նա իրավունք ունի նաեւ՝
1) վերականգնվել նախկին աշխատանքում,
2) ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձեւով պատիժը կրելու, ինչպես նաեւ կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցել,
3) հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը,
4) զինվորական եւ այլ կոչումները վերականգնել` հաշվի առնելով երկարամյա ծառայությունը:

«Իրավունքների պաշտպանություն առանց
սահմանների» հասարակական
կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ կատարյալ է, բայց ափսոս, որ մեր երկրում վաղուց արդեն նման օրենքների կիրառումը դարձել է երազանք:




Լրահոս