Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին առայժմ ոչ մի բանում չեն մեղադրում, սակայն նա խորապես համոզված է, որ իրեն կմեղադրեն ընտրությունից հետո, երբ իրենց ուզած թվերը նկարեն եւ դիտորդները գնան: Այս մասին Սեդրակյանն ասաց, այսօր` փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` դա կլինի փետրվարի 22-23-ից հետո: Խոսելով պատճառների մասին Սեդրակյանն ասաց, որ երբ հայտարարեց իր առաջադրման մասին, լրագրողներն սկսեցին պարզել, թե ինքն ինչ կապ է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ: Նախագահի թեկնածուն ասաց, որ Վազգեն Սարգսյանին ճանաչել է 1985 թվականից, իսկ նրա եղբայր Արամ Սարգսյանն իր համակուրսեցին է: Նա նաեւ առաջարկեց, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված հարցերն ուղղեն ներկայիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, ով վարել է այդ գործերը:
Ի դեպ, Վարդան Սեդրակյանի խոսքով` չի բացառվում, որ սկսեն հարցնել, թե ինքն ինչ կապ ունի “մարտի 1-ի” իրադարձությունների հետ: “Կպարզվի, որ Խորխոռունու եւ Արծրուն Մարգարյանի սպանության հետ էլ կապ ունեմ”,- նշեց Վարդան Սեդրակյանը` հավելելով, որ ներկա պահին Հայրիկյանի մահափորձի գործով իրեն մեղադրելու համար փորձում են ֆոն ստեղծել, բայց չգիտի, թե ովքեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սեդրակյանը նշել էր, որ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ կասկածվողներին ինքը ճանաչում է, նրանք իր տանը վերանորոգում են իրականացրել: Բացի այդ, ըստ մամուլի տեղեկությունների, Սեդրակյանը ժամանակին հարցաքննվել է “հոկտեմբերի 27-ի” գործով:
NEWS .am