ԴԵՂԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել ՀՀ քաղաքացիներից, որ առաջնային անհրաժեշտության եւ ամենամեծ պահանջարկ ունեցող սրտանոթային մի քանի դեղեր թանկացել են: Ահազանգի հետքերով շրջեցինք Երեւանի մի քանի դեղատներում եւ պարզեցինք, որ «Պրեստարիում» դեղամիջոցը 3900 դրամից դարձել է 4500, «Պրեստանս»-ի մեծածախ գինը 6250-ից դարձել է 7300: Թանկացել են նաեւ «Սանոֆի-Ավենտիս» ֆիրմայի դեղերը: Օրինակ՝ շատ օգտագործվող «Էսենցիալե ֆորտե»-ն 2400-ից դարձել է 2700 դրամ:
Դեղերի եւ բժշկագիտական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պետք է հավատալ քաղաքացիների ահազանգին, որովհետեւ 581 անուն դեղի շրջանակներում ուսումնասիրություններ ենք արել եւ արձանագրել, որ գրեթե նույն պատկերն է ցույց տալիս: Մենք համապատասխան հաղորդագրություն կտարածենք այս մասին, եւ դուք կտեսնեք, որ դեղերի մի մասի գները նվազել են, իսկ մի մասն էլ բարձրացել է: Այո՛, 10-ից 20 տոկոս թանկացում կա: Բայց մենք դրան զուգահեռ ուսումնասիրել ենք նաեւ արտադրողների գները եւ պարզել, որ եվրոպական արտադրողը նույնպես բարձրացրել է»: Սահակյանի խոսքով՝ թանկացման պատճառը պայմանավորված է եվրոյի կուրսի աճով. «Մեր դիտարկումները դա են ցույց տվել»:
Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե հանձնաժողովը թեժ գծով ահազանգ ստանա կամ դիմում-բողոք, ապա անմիջապես ընթացք կտանք եւ համապատասխան ուսումնասիրություններ կանցկացնենք»:




Լրահոս