ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս տեղեկացա, որ տարբեր առեւտրային բանկերից վարկեր վերցրած ՀՀ քաղաքացիները, վարկը մարելու խնդիրը չկարողանալով լուծել, այլ բանկերի են դիմում՝ նոր վարկ ստանալու եւ արդյունքում պարտքով պարտք փակելու համար: ԿԲ-ն ունի՞ նման վիճակագրություն, եւ հատկապես 2012-ի պատկերն ինչպիսի՞ն է:

Գնել Միքայելյան (39 տարեկան, տնօրեն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հաճախ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք մեկ այլ բանկում իրենց գործող վարկը մարում են այլ բանկից վերցված վարկով ոչ այն պատճառով, որ ունեն ֆինանսական խնդիրներ, այլ այն պատճառով, որ մեկ այլ բանկ նույն վարկն առաջարկում է ավելի բարենպաստ պայմաններով (ցածր տոկոսադրույք եւ այլն): Տվյալ դեպքում նշված «վերավարկավորումը» ռիսկեր չի պարունակում, եւ վարկառուի վերցրած վարկը չի համարվում խնդրահարույց:
Այն դեպքերում, երբ անձը, ունենալով ֆինանսական խնդիրներ եւ ի վիճակի չլինելով ամբողջությամբ մարել իր գործող վարկը, դիմում է այլ բանկի՝ նոր վարկ վերցնելու եւ ստացված միջոցներով գործող վարկը մարելու համար, այդ անձին տրամադրված ինչպես նոր, այնպես էլ գործող բոլոր վարկերը (անկախ նրանից, թե որ բանկի կողմից են դրանք տրամադրվել) կհամարվեն խնդրահարույց՝ օրենսդրության համաձայն: Իսկ խնդրահարույց վարկերի գծով բանկերը պարտավոր են կատարել համապատասխան նվազեցումներ իրենց կապիտալից, ինչն անմիջապես իր բացասական ազդեցությունը կունենա բանկի ֆինանսական դրության վրա: Հետեւաբար, բանկերի համար նվազում են տվյալ անձին նմանատիպ վարկ տրամադրելու խթանները, քանի որ այն չափազանց ծախսատար կլինի բանկի համար: «Վերավարկավորմամբ», որը պայմանավորված է վարկառուի վատ ֆինանսական դրությամբ, բանկերը չեն կարողանա թաքցնել թե՛ իրենց վարկառուների եւ թե՛ իրենց ֆինանսական վիճակի վատթարացումը: Համաձայն ԿԲ-ի կողմից սահմանված պահանջների՝ բանկերն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են իրենց խնդրահարույց վարկերի վերաբերյալ տեղեկությունները եռամսյակային պարբերականությամբ: 31.12.2012թ. դրությամբ բանկային համակարգի խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում կազմել է 3,6%, ինչը բավական ցածր ցուցանիշ է՝ համեմատած այլ երկրների համապատասխան ցուցանիշի հետ:

շարունակելի
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկասկած շատ մարդկանց անհանգստություն է պատճառում վարկով վարկ փակելու թեման՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:




Լրահոս