Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ այս նախագահական ընտրություններում մասնակցության հայտ են ուզում ներկայացնել հանրությանը բացարձակապես անհայտ եւ կիսաֆոլկլորային տարբեր դեմքեր, քաղաքական փորձագետները կարծիք հայտնեցին, թե այս անգամ իշխանությունները որոշել են հանրության նախընտրական ձանձրույթը փարատել քաղաքական ծաղրածուների լայն ընտրանու միջոցով: Սակայն նրանց մեծ մասը չառաջադրվեց, թե ինչու` դժվար է ասել: Չի բացառվում, որ իշխանությունները մտածեցին, թե յուրաքանչյուր ծաղրածուի համար 8 միլիոն դրամ գրավը չափից ավելի թանկ վճար է, գումարած նաեւ այդ թեկնածուներին տրվելիք հավելյալ միջոցները: Ուստի, թերեւս որոշեցին, որ այդ գործառույթը, լավ վճարելու դեպքում, ոչ պակաս հաջողությամբ կարող է իրականացնել մեկ թեկնածու: Սակայն տարօրինակ կերպով այն թեկնածուները, որոնցից քաղաքական եւ նաեւ որոշակի հանրային շրջանակներ ունեին այդպիսի սպասելիքներ, շատ ավելի լուրջ քարոզարշավ տարան, դրսեւորեցին շատ ավելի քաղաքական վարքագիծ, քան քաղաքական գործունեության տասնամյակների փորձ ունեցող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը հունվարի 31-ի մահափորձից հետո, կարելի է ասել, փայլուն կերպով արդարացնում է ընտրազանգվածին «թամաշաներ» մատուցելու գործառույթը: Եվ եթե առաջին օրերին բոլորը կարեկցանքով ու համակրանքով էին վերաբերվում հրազենային վնասվածք ստացած Հայրիկյանի` ռուսական իմպերիալիզմի թիվ մեկ թշնամու կերպարը թարմացնելու նոստալգիկ զեղումներին, ապա հետագա օրերին նրա դրսեւորած վարքագծի արդյունքում այդ համակրանքից գրեթե հետք չմնաց: Իսկ Սահմանադրական դատարան դիմելու հարցով նրա` արդեն զավեշտի հասնող տատանումներից հետո, անգամ նրան իրապես համակրողների մոտ առաջացավ հարց. եթե նույնիսկ այսպիսի ոչ շատ բարդ իրավիճակում Հայրիկյանը չի կարողանում կողմնորոշվել եւ հստակ որոշում կայացնել, ապա ինչպե՞ս կարելի է նրան վստահել Հայաստանի Հանրապետության ղեկը:
Ընդ որում, սա այն դեպքն է, երբ թեկնածուն ինքնավարկաբեկվում է` կարծես թե առանց իշխանությունների գործուն մասնակցության: Նրա մե՛կ լավացող, մե՛կ վատացող ինքնազգացողությունը, մարդասպանի դիմագծերի վերաբերյալ իբր «շեղող» հայտարարությունները (լավ է, չի ասել, որ կրակողը կին էր, այն էլ` սեւամորթ), քիլլերների մեկ, թե մի քանի հոգի լինելու հարցում չկողմնորոշվելը… այս ամենը գնալով ավելի ու ավելի է նմանվում վատ բեմադրված ներկայացման: Ընդ որում` ավելի շատ ողբերգական ժանրի, քանի որ Պարույր Հայրիկյանի նման գործչի դեպքում անգամ նման կասկածները չափազանց տխուր են: Սակայն թող ներվի ասել` կասկածելու համար որեւէ մեկը մեղավոր չէ, բացի իրենից` Պարույր Հայրիկյանից: Չարժեր այդքան անլրջացնել ամեն ինչ:
ՇԱՏ ԱՆԼՐՋԱՑՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ