Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ) քննվեց «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի եւ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը` օրաթերթի եւ լրագրողի գույքի նկատմամբ արգելանքը հանելու վերաբերյալ: Միջնորդության պատասխանը կհրապարակվի փետրվարի 11-ին:
Երեկվա նիստի ընթացքում դատավոր Ռ. Վարդազարյանը լսեց «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը, որը հայցվոր կողմը` ի դեմս «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի եւ Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչների, բնականաբար առարկեց:
Դատավորը մի քանի հարցեր ուղղեց «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչին: Մասնավորապես նրան հետաքրքրում էր, թե հատկապես ինչով է խոչընդոտվել «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունը, եւ արգելանքը որքանով է խաթարել օրաթերթի բնականոն գործունեությունը: «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը պարզաբանեց, որ արգելանքը գույքի նկատմամբ անհնար է դարձրել «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունն այն առումով, որ օրաթերթը չի կարողանում ազատ տնօրինել իր գույքը: Օրինակ, եթե համակարգիչը պիտանի չէ եւ հին է, խմբագրությունը չի կարող այն վաճառել, նորը գնել եւ այլն: Դատավորն էլ ասաց, որ օգտագործման առումով անհնար ոչինչ չկա, սակայն տնօրինման առումով գուցե ինչ-որ խնդիր կա, որին կանդրադառնա:
Դատարանում միջնորդության վերաբերյալ իր խոսքն ասաց նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը՝ ուշադրություն հրավիրելով երեւույթի վրա: «Այն, որ կարող է օլիգարխն անդաստիարակ վարքագծով հանդես գալ, լրագրողին վիրավորել, հայհոյել եւ հետո գնալ դատարան ու դատարանից բավարարված դուրս գալ: Իսկ որտե՞ղ է արդարությունը»,-հարցադրեց խմբագիրը: Երբ հայցվոր կողմը հորդորեց խոսել միայն իրավական ձեւակերպումներով, դատավորը լռեցրեց` ասելով. «Թո՛ւյլ տվեք՝ ես որոշեմ, թե ով ինչպես պետք է ելույթ ունենա»:
Այնուհետեւ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը հենց դատարանում ստացավ Ռ. Վարդազարյանի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթ, համաձայն որի՝ հունվարի 31-ին հայցվոր ԵԹՖ-ն եւ համահայցվոր Խաչիկ Խաչատրյանը ներկայացրել են միջնորդություն՝ խնդրելով արգելել «Ժողովուրդ» օրաթերթին, ինչպես նաեւ լրագրող Սոնա Գրիգորյանին լուսաբանել սույն գործով հարցերը: Սակայն դատավոր Ռ. Վարդազարյանը, քննության առնելով միջնորդությունը, որոշել է մերժել: «Ժողովուրդ»-ի խմբագիր Թ. Թովմասյանն էլ նշեց. «Դատարանը, հուրախություն մեզ, կայացրել է օլիգարխի քիմքին ոչ հաճելի որոշում եւ մերժել է նրա քմահաճույքներից մեկը»:
Այսպիսով՝ եւս մեկ անգամ ապացուցվեց այն իրողությունը, որ Խ. Խաչատրյանն իր առջեւ նպատակ է դրել խոչընդոտել «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունը, եւ նրա ներկայացրած միջնորդությունը հենց այս տրամաբանության շրջանակներում է:
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԽԱՉԻԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ