ԵԿԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՊԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի կառավարության պետական նախարար, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանի ներկայացմամբ՝ Սիրիայի շուրջ 70-հազարանոց հայ համայնքի մոտ 1/3-րդն արդեն թողել է երկիրը, եւ այսօր վտանգի տակ է սիրիահայ համայնքի գոյությունը: «Սիրիահայերը շատ լավ վիճակի մեջ չեն անվտանգության, տնտեսական տեսանկյուններից, որովհետեւ մեծ քաղաքներից մեկը` Հալեպը, հսկա վտանգի տակ է, եւ հայ համայնքի մի մասն արդեն հասել է Հայաստան, մի մասը` Լիբանան, մյուս մասը գաղթել է Եվրոպա»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել է Մանջյանը:

ՀԱՐՑ. Այս պայմաններում ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը:
 
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ պետք է դիմի ՄԱԿ-ի փախստականների գերագույն գլխավոր կոմիսարին եւ մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ-ին` խնդրելով օգնել իրեն՝ սիրիահայ փախստականներին Հայաստանում ընդունելու եւ տեղավորելու: Շատ վստահ չեմ, սակայն որ Հայաստանին կօգնեն` հաշվի առնելով Հայաստանում դեռեւս առկա փախստականների հանդեպ կա՛մ բացարձակապես անտարբեր, կա՛մ նույնիսկ վատ վերաբերմունքը: ՀՀ իշխանությունները մինչեւ այսօր շարունակում են ադրբեջանահայ փախստականներին «պահել» քանդվող, սարսափելի հակասանիտարական պայմաններում: Մի ամբողջ սերունդ է մեծացել այդ պայմաններում: Գուցե այդ խնդիրը իր վրա վերցնի որեւէ առաքինի ՀԿ՞:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գտնում եմ, որ մեր իշխանությունն իմ խորհրդի կարիքը չունի: Այնքան բան չի արել, որ անելիք առաջարկելս, մեղմ ասած, միամտություն կլինի: Իշխանություն կոչված «Փ.Պ.Ը.»-ին չեմ վստահում: Եթե երկրի ժողովրդին են թողել անօգնական, ապա խեղճ սփյուռքն ի՞նչ կարող է ակնկալել: Գաղտնիք չէ, որ մեր իշխանավորները սփյուռքից առ այսօր պատեհ-անպատեհ օգնություն են մուրում: Իսկ եթե լուրջ. ժողովուրդը, այսինքն մենք, անում ենք մեր հնարավորությունների չափով: Խղճիս դեմ չգնալու համար ասեմ, որ սփյուռքի նախարարությունը հնարավորինս օգնում է, որքան որ տեղեկանում եմ մամուլից: Չնայած այս գործը միայն նախարարության վրա բարդելը ճիշտ չէ: Գտնում եմ, որ սա ողջ ազգի գործն է: Չէ՞ որ մենք էլ, երբ նեղն ենք ընկնում, միշտ նրանց ենք ապավինում: Եկել է պատասխանելու պահը:

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
հաղորդավար  

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարցը պետք  է օրակարգային դարձնի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում կայունություն չի հաստատվել: Երկրորդը՝ Հայաստանում անհրաժեշտ է սիրիահայերի համար ստեղծել էլ ավելի բարենպաստ պայմաններ, որպեսզի տեղի հայ համայնքն առաջին հերթին մտածի Հայաստան, այլ ոչ թե եվրոպական երկիր գաղթելու ուղղությամբ:

ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս