ՓԱԽՈՒՍՏ ՉԵՆ ՏՎԵԼ, ԲԱՅՑ ԴԱՇՏՈՒՄ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերը՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի, մատնվել են “անգործության”: Նրանց մի մասը լավագույն դեպքում ԱԺ-ում է գործունեություն ծավալում՝ օրենսդրական ինչ-որ նախաձեռնության շրջանակներում եւ վերջ: Ինչո՞վ են զբաղված նշված կուսակցությունների անդամները խորհրդարանից դուրս: Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով բլից զրույց ունեցանք մի քանի պատգամավորների հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
 -Պարո՛ն Մարգարյան, ԲՀԿ-ն կարծես մի կողմ է քաշվել: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն ընտրությունների կազմակերպչական հարցերով են զբաղված, իսկ դո՞ւք:
-Ցանկացած կուսակցությունում միայն պատգամավորները չեն: Իհարկե, պատգամավորները միշտ ավելի ակտիվ են, իսկ մյուսները, բնականաբար, ավելի պասիվ: Խոսքը մեծ քաղաքական գործընթացների մասին է, իսկ եթե հանենք համապետական խնդիրները, ապա ամեն մեկն իր տարածքում իր գործունեությամբ է զբաղված: Ընտրություններին չմասնակցելն աշխարհի վերջը չէ: Նախընտրական շրջանում գուցե որոշակի պասիվություն նկատվում է, քանի որ կուսակցությունն ինքը որոշել է ընտրություններին չմասնակցել:
-Հիմա կոնկրետ Ձեր կուսակցականներն ինչո՞վ են զբաղված, կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ում անգործության են մատնված:
-Ինչով այլ կուսակցությունների մյուս հատվածները: Եթե խոսքը վերաբերում է նախընտրական ակտիվությանը, ապա բնական է, որ մենք պետք է պասիվ լինեինք, անհասկանալի կլիներ, եթե կուսակցությունը հայտարարեր, որ ընտրություններին չի մասնակցում, բայց կուսակցության անդամներն ակտիվ մրցավազքի մեջ լինեին: Բացի ընտրություններին մասնակցելուց, ԲՀԿ-ն մյուս բոլոր գործունեությունով զբաղվում է:
-Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ին սատարող ակտիվ զանգվածը կարող է հիասթափվել:
-Անկեղծ ասած, չեմ կարծում, ես չեմ նկատել՝ ինչով է արտահայտվում դա: Կարող է, ես չեմ բացառում, որ լինեն անհատներ, որոնք ուզում էին՝ անպայման ԲՀԿ-ն մասնակցեր ընտրություններին: Եվ զուտ դրա համար ասեն` լավ, ես հիասթափվեցի: Բայց ընդհանուր, զանգվածային բան չեմ նկատել, եւ իրականում չկա էլ:
-Բայց այսօր ԲՀԿ-ն համարվում է մի ուժ, որը տոնական օրերին ,հայտնվումե ու ինչ-որ բաներ է բաժանում մարդկանց…
-ԲՀԿ-ն իր քաղաքական գործընթացին զուգահեռ միշտ նման գործերով զբաղվել է, եթե նախընտրական ակտիվություն չկա, դա չի նշանակում, որ դրանք չպետք է լինեն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն եւս ,բոյկոտեցե նախագահական ընտրությունները, այնպիսի տպավորություն է, որ հիմա կուսակցության անդամները պարապության են մատնված:
-Նախ ասեմ, որ մենք ընտրությունները չենք բոյկոտել, այդ տերմինը չարաշահվում է արդեն շատերի կողմից, մենք մեր համակիրներին ասում ենք՝ պետք է գնալն ընտրություններին, հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը եւ չթողնեն՝ իրենց փոխարեն այլ անձինք քվեարկեն: Մեր տեսակետն այն է, որ որեւէ թեկնածու մեզ համար նախընտրելի չէ: Քաղաքական կյանքը միայն ընտրություններո՞վ է ավարտվում: “Դաշնակցություն”-ն անում  է շատ բան: Կուսակցական աշխատանքներով ենք զբաղված, հայկական խնդիրներով ենք զբաղված, պետականաշինության գործընթացներին ենք մասնակցում:
Իսկ Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ հնարավոր է՝ Ձեզ “սատարող” զանգվածը հիասթափվի:
-Ես կարծում եմ՝ չկա այդպիսի բան: Հասարակությունը հստակ հասկացել է, որ միակ ճշմարիտ տեսակետը հենց “Դաշնակցություն”-ն արտահայտեց, երբ ասաց, որ այս ընտրությունն իմիտացիա է ընդամենը: Դրանից ավելի ի՞նչ գնահատական է հասարակությունն ուզում: “Դաշնակցությանն” ընտրող անձը կարող է պահանջել եւ պահանջում է, իսկ մյուս քաղաքական ուժին ընտրողը թող պահանջ դնի այդ ուժից:
-Արդյո՞ք դա փախուստ չէ պայքարից:
-Փախուստ բառը, խնդրում եմ, մի՛ օգտագործեք՝ հատկապես ՀՅԴ-ի նկատմամբ, եթե ուզում եք ամենատղամարդ կեցվածքը տեսնել, հաստատ կարող եք տեսնել “Դաշնակցության” վարվեցողության մեջ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

-Տիկի՛ն Սարգսյան, ՀԱԿ մյուս անդամներն ինչո՞վ են զբաղված, բացի այն 7 հոգուց, որոնք խորհրդարանում են:
-Այս 5 տարվա մեջ մենք բարոյական իրավունք ունենք մեկ կամ երկու ամիս քիչ թե շատ հանգստանալու եւ վերեւից նայելու, թե ինչ է տեղի ունենում: Ես կարծում եմ՝ մեր հետագան շատ ավելի ակտիվ է լինելու, շատ վճռորոշ եւ շատ բովանդակալից: Ես կարծում եմ, որ Դուք ականատես եք լինելու, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը թափով առաջ գնալու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

“Ժողովուրդ” օրաթերթի 476 համար




Լրահոս