Եթե կառավարությունը վաղը՝ փետրվարի 14-ին կայանալիք նիստում հաստատի “Երեւանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին” ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ապա Երեւանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան 2013թ. մայիսի 5-ին: Այդ մասին գրում է ՛”168 ժամ”թերթը:
“Քաղաքական ուժերից որո՞նք թեկնածու կառաջադրեն այդ ընտրություններին։ Ըստ կանխատեսումների՝ ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ բավական թեժ պայքար է սպասվում Երեւանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում։
“Ժառանգություն” կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը “168 ժամի” թղթակցի հետ զրույցում ասելէ, որ մասնակցելու են ընտրություններին։ Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու առաջին ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2009թ. մայիսի 31-ին, “Ժառանգություն” կուսակցությունը չմասնակցեց: “Տրամադրվածությունը կա, վաղաժամ է հատուկ որոշում կայացնել: Թող նախագահական ընտրություններն անցնեն, դրանով կզբաղվենք”,- ասել է Խուրշուդյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով նույն հարցին, նշել է, որ, ամենայն հավանականությամբ, կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին: “Հաշվի առնելով, որ դրանք, թերեւս, կուսակցական ընտրություններ են, կարծում եմ՝ այո, բայց կոնկրետ քննարկում դեռ չենք ունեցել”,- նշել է խոսնակը:
Հարցին, թե արդյո՞ք նախագահական ընտրություններին չմասնակցելը բացասաբար չի անդրադառնա կուսակցության վարկանիշի վրա նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. “Հիշեցնում եմ բոլորին, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը երբեւէ որեւէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա բացարձակ չխանգարեց, որ մենք վերջին խորհրդարանական ընտրություններին շուրջ կես միլիոնի հասնող քվեներ ստանանք: Այս ընտրություններին չմասնակցելն էլ չի խանգարի, որպեսզի որեւէ այլ կուսակցական ընտրության մենք հավաքենք էլ ավելի մեծ թվով ձայներ”,- գրում է “168 ժամը”: