Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, երեկ “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։
“Դատարանն այսպիսով հաստատված է համարել ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակել է նույն հոդվածի 1-ին կետով եւ այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատել՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշմամբ: Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը եւ միջնորդել ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը, հակառակը, գտնում է, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր կայացնել արդարացման դատավճիռ: Ղազարյանը երեկ իր վերջին խոսքում հայտարարել է, որ նախաքննությունն անց է կացվել միակողմանի, խոչընդոտվել է իր պաշտպանվելու հնարավորությունները”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”: