Փետրվարի 13-ից 16-ը պտուղ-բանջարեղենի վերամշակման ոլորտի
հայաստանյան 7 ձեռնարկություններ՝ օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող “ԷկոԳլոբ” ընկերության գլխավորությամբ, կմասնակցեն օրգանական ապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ
Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագրի կողմից տրամադրված աջակցության և վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը և օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը:
“Ի-Դի-Էմ-Սի”-ի տեղական գործընկեր “ԷկոԳլոբ”-ի հետ միասին՝ “ԱԲԴԱ” ընկերությունը, “ԱՍՎԱ-ՌԱՖ”-ը, “Բիզոն – 1”-ը, Երևանի գարեջրի գործարանը, “ԲԻՈ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ”-ը, “Նեկտար-Բոնուս”-ը և “Սիս Նատուրալ”-ը կներկայացնեն Հայաստանի օրգանական բրենդն ու օրգանական
ապրանքները, որոնց թվում՝ հյութեր, խոտաբույսերի թեյեր և բնական յուղեր: Ընկերությունները հնարավորություն կունենան ծանոթանալու և կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների հետ, դիտարկելու և հետազոտելու շուկան՝ միաժամանակ դիրքավորվելով մրցակցության համար:
“BioFach”-ը ոչ միայն ընկերությունների վարկանիշը բարձրացնելու հնարավորություն է, այլ նաև գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ, որն ամբողջ աշխարհում օրգանական արտադրության վերաբերյալ լայնածավալ տեղեկատվություն է ապահովում”,- ասում է “ԷկոԳլոբ” ընկերության
տնօրեն Նունե Դարբինյանը:
Այս ոլորտում “Ի-Դի-Էմ-Սի”-ի հիմնական նպատակն է աջակցել հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին՝ նպաստելով կառավարման և մարքետինգի հմտությունների բարելավմանը, սննդի որակի և անվտանգության բարձրացմանը, օրգանական ստանդարտներին համապատասխանելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև հնարավոր շուկաների բացահայտմանը: Անցած վեց ամիսների ընթացքում “Ի-Դի-Էմ-Սի”-ի աջակցությամբ՝ “ԷկոԳլոբ”-ը
ցուցահանդեսի մեկնող ընկերություններում անցկացրել է աուդիտ և օրգանական սերտիֆիկացում:
BioFach-ը օրգանական սննդամթերք արտադրող և վաճառող ընկերությունների խոշորագույն մասնագիտական ցուցահանդեսն է աշխարհում: Միջոցառմանը ներկայացվում են ապրանքների լայն տեսականի՝ սկսած օրգանական սննդից, բնական գործվածքեղենից՝ մինչև կոսմետիկա ու մարմնի խնամքի պարագաներ: