Ոստիկանության թեժ գիծը 186 զանգ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործող “Թեժ գիծ” ծառայության միջոցով փետրվարի 13-ի դրությամբ ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են վերաբերվել ընտրողների ցուցակին:
34 զանգով տրամադրվել է 35 տեղեկատվություն, ուսումնասիրության արդյունքով հայտնաբերվել եւ ուղղվել է 4 անճշտություն:
Այսպես, 21 քաղաքացիներ հայտնել են, որ թեեւ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից:
Իրականացված ստուգմամբ պարզվել է հետեւյալը.
-6 քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2013 թ. հունվար ամսին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո եւ նրանց տվյալները առկա կլինել վերջնական ցուցակներում,
-9-ի տվյալներն առկա են ընտրողների ցուցակներում,
-4-ը բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումով հանված են հասցեի հաշվառումից,
-1 զանգով հայտնել են, որ 2 քաղաքացու տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անճշտությունը կապված է բնակելի տան մի մասին նոր հասցե հատկացնելու հետ: Անճշտությունն արդեն իսկ ուղղվել է եւ վերջնական ցուցակները հրապարակելիս նոր հասցեն ընդգրկված կլինի ընտրողների ռեգիստրում:
Մեկ քաղաքացի զանգահարել եւ հայտնել է, որ Կիեւյան փողոցի 9 շենքի 11 հասցեում գտնվող իրենց բնակարանում հաշվառված են անծանոթ ընտրողներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 9 շենքի բոլոր մուտքերի բնակարանների համարակալումը սկսվում է 1-ից եւ նույն շենքի տարբեր մուտքերի թիվ 11 բնակարանները պատկանում են տարբեր ընտանիքների:
Մեկ զանգով քաղաքացին հայտնել է, որ հաշվառված է այլ հասցեում, սակայն ընտրողների ցուցակում նշված է այլ հասցե: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի հասցեավորման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ: Անճտությունն ուղղվել է: 
Մեկ քաղաքացի զանգել եւ հայտնել է, որ իր հասցեում հաշվառված է այլ անձ: Պարզվել է, որ հասցեավորման ժամանակ նշված անձը պետք է հաշվառվեր այլ հասցեում: Հասցեափոխությամբ անճշտությունը շտկվել է:
Բացի այդ, անձնագրային եւ վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած 7 անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ բոլոր 7 քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:
3 զանգով հայտնվել է մահվան վերաբերյալ տեղեկություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված անձինք մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են նախնական ցուցակները հրապարակվելուց հետո: Քաղաքացիներին պարզաբանվել է, որ վերջնական ցուցակները հրապարակելիս մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում:
Մնացած 152 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:




Լրահոս