ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԲԱ՛Ր ԽՓԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը գնալով կորցնում է ինքնատիրապետումը. «Գալա» հեռուստաընկերության թղթակիցը շաբաթ օրը նախընտրական այցով Գյումրի ժամանած Սարգսյանին հարցրել է, թե որքան է գնահատում նախագահական ընտրություններում իր շանսը: «Շանսը ո՞րն ա, իմ շանսը…100-ից 90 խփեմ, 80 խփեմ, 70 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»,-զայրացած տոնով ասել է Սերժ Սարգսյանը:
Փաստորեն, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն այսպես բարձրաձայն խոստովանում է, որ Հայաստանում ընտրությունների ելքը ոչ միայն կանխորոշված է, այլեւ ինքն է որոշելու՝ իր անվան դիմաց քանի տոկոս ձայն գրել: Ու սրանից հետո խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին, ու ընդհանրապես ընտրական համակարգի մասին, մեղմ ասած, միամտություն է: Սերժ Սարգսյանին այս խոսքերի համար միայն մի հարցում պետք է շնորհակալություն հայտնել, որ նա անկեղծորեն նկարագրել է Հայաստանում առկա իրավիճակը՝ առանց սեթեւեթանքների: Հետաքրքիր է, թե ինչ ռեակցիա են տվել նրա այս պահվածքին ՀՀ նախագահի նստավայրում եւ դրա շուրջ աշխատող երիտասարդները, որոնք Սերժ Սարգսյանից ջանում են գերինտելեկտուալ կերպար կերտել:
Այսպիսով՝ «Թարս բուսնող խիյարի» եւ «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»-ի մասին Սերժ Սարգսյանի հայտնի գոհարենին համալրեց անցած շաբաթ «Ինչքան ուզես՝ էնքան խփենք»-ը: Եվ հիմա, թվեր խփելուց խոսող (ի դեպ, նման բառապաշարով են արտահայտվում մոլախաղերի սիրահարները) նախագահի թեկնածուն ի՞նչ բարոյական իրավունք ունի մյուս թեկնածուներին կոռեկտության կոչ անելու եւ կասկածի տակ դնելու` թե այս իրավիճակում ով է չարը, եւ ով` բարին: Եվ հետո` եթե Սերժ Սարգսյանն իրականում հանդես է գալիս հանդուրժողականության դիրքերից եւ որպես «հանուն» գաղափարախոսության կրող, ինչո՞ւ է իր ընդդիմախոսի առաջին իսկ սուր քննադատությանն այդքան թունոտ արձագանքում: Ընդ որում, որպես պատրվակ ներկայացնելով «չարի ու բարու» պայքարի մասին Րաֆֆու մտքերը՝ Սերժ Սարգսյանը միանգամից անցում է կատարում Րաֆֆու մասնագիտական կարողություններին եւ կասկածի տակ դնում նրա հայրենասիրությունը. «Ոնց որ թե Ղարաբաղի համար է պռոշը ճաքում», «Եվ խոսում է մարդը, ով իրեն ներկայացնում է որպես արտաքին քաղաքականության մեծ մասնագետ»: Սերժ Սարգսյանի խոսքերով ասած` տեղ հասանք: Ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն Րաֆֆին Սերժ Սարգսյանի գնահատմամբ` «անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ» էր, իսկ այսօր արդեն մի մարդ, որը «մեծ-մեծ խոսում է» եւ «լուրջ որոշումներ կայացնել չգիտի»:
Մի խոսքով, եթե Գագիկ Ծառուկյանի խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար, ապա Սերժ Սարգսյանի դեպքում՝ արտասանած խոսքերը:




Լրահոս