Համացանցի գրառումները և պատասխանատուները. կարգավորման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր facebook սոցիալական ցանցում գումար աշխատելու, կամ ավելի ճիշտ՝ «գրդոն անելու» դրսեւորումներին: Իսկ իրավական առումով ինչպե՞ս կարել է պայքարել այս երեւույթի դեմ:

Արդեն նկարագրել էինք, որ facebook սոցիալական ցանցում հաճախակի տարբեր անձինք՝ անկախ ունեցած կարգավիճակից, տարաբնույթ գրառումներ են կատարում՝ դրանով վարկաբեկելով կամ պաշտպանելով որեւէ մեկի կամ ընկերության, կուսակցության: Բլոգային անհասցե լրատվամիջոցներն էլ անմիջապես գրառումը տեղադրում են իրենց կայքում՝ շնորհակալություն հայտնելով գրառման հեղինակին: Բայց շատ դեպքերում ֆեյսբուքյան ակտիվիստները, գրառումներ կատարող անձինք, իրենց դեմքը փրկելու համար, հայտարարում են, թե ազատ խոսքի ջատագովներն են եւ իրենց կարծիքն են արտահայտում, սակայն իրականում շան գլուխը այլ տեղ է թաքնված:

Ըստ շրջանառվող լուրերի՝ սոցիալական ցանցում այս օրերին ակտիվ «ստատուս» գրողները ոչ այնքան ազատ խոսքի կողմնակիցներն են, որքան այս կամ այն պաշտոնյայի կամ, առհասարակ, որեւէ թաքնված դեմքի պատվեր կատարողը: Ասել է թե՝ նրանք իրենց կարծիքը չեն արտահայտում, այլ կոնկրետ անձանց` պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ֆինանսավորվում են՝ որեւէ մեկի մասին վարկաբեկող կամ պաշտպանող «ստատուս» գրելու համար: Կամ էլ, լավագույն դեպքում, ինչ-որ քաղաքական, տնտեսական «գիծ» են առաջ տանում: Տարածված լուրերի համաձայն՝ ֆեյսբուքում գրառումներ անելու համար գնացուցակ կա սահմանված՝ 50.000 մինչեւ 200.000 դրամի չափով՝ կախված բովանդակությունից, քննադատության չափաբաժնից եւ ունեցած լայքերի քանակից:

Օրենսդրական ինչ կարգավորումներ են անհրաժեշտ՝ իրավիճակը համացանցում կարգավորելու համար:

Ըստ մի շարք իրավաբանների՝ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում համացանցի կարգավորվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է, եւ օրենսդրական որեւէ կարգավորում դեռեւս չկա: Իսկ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց իր ֆորումում տեղ գտած մեկնաբանության համար պետք է պատասխանատվություն կրի, եթե այնտեղ վիրավորանք եւ զրպարտութուն կա:

Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ցանցում տեղ գտած գրառմանը, որը իրականացվել է որեւէ ֆեյքի կամ կոնկրետ անձի կողմից եւ հայտնվել լրատվամիջոցում, ապա այստեղ երկու իրավիճակ կա: Առաջինը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ կետը սահմանում է. «Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա՝ լրատվական գործունեություն իրականացնողը»:

Ենթադրենք՝ որեւէ մեկը կոնկրետ իր անուն ազգանունով պատվիրված վարկաբեկող գրառում է կատարել որեւէ անձի մասին, ապա այստեղ ելք կա: Վիրավորված անձը կարող է գրառման հեղինակի դեմ դատական հայց ներկայացնել իր պատիվն ու արժանապատվությունը պահպանելու պահանջով:

Իսկ ինչպիսին է իրավիճակը ֆեյքերի մասով: Եթե անհայտ որեւէ մեկը, որը սոցիալական ցանցում ունի բավականին մեծ թվով հետեւողներ եւ վարկաբեկող կամ պաշտպանող գրառում է կատարում ու գրառումն էլ տեղ է գտնում լրատվամիջոցում կամ բլոգում, ապա սկզբունքորեն լրատվամիջոցն է անհայտ անձի գրառման համար պատասխանատվություն կրողը:

Օրինակ՝ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին «Անկախ Հայաստան» անուն ազգանունով ներկայացած ֆեյքը գրառում էր կատարել եւ բլոգներից մեկը այդ գրառումը տեղադրել է իր կայքում: Երգչուհին դատի էր տվել կայքի պատասխանատուին, սակայն դատարանը մերժեց նրա հայցը, քանի որ համարել էր կայքի պատասխանատուին ոչ պատշաճ պատասխանող է: Ասել է թե՝ լրատվամիջոց ներկայացած կայքը գրանցված չէ որպես ՍՊԸ, եւ այս դեպքում դատարանը երգչուհուց պահանջել էր լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնել: Իսկ ինչպես լրատվամիջոցի դեմ հայց ներկայացվեր, եթե այն գրանցված չէ պետական որեւէ մարմնում: Ասել է թե` նրանք գործում են ապօրինի դաշտում:

Ու եթե տպագիր մամուլի դեպքում իրավիճակը կարգավորված է, եւ օրաթերթ հրատարակելու համար պարտադիր պետք է գրանցված ՍՊԸ ունենալ, ունի կոնկրետ հասցե, հեռախոսահամար, պատասխանատու եւ այլն, ապա էլեկտրոնային կայքերի, բլոգների դեպքում օրենսդրական հստակեցումներ են անհրաժեշտ իրականացնել: Այս դաշտը բաց է, դրա համար էլ անպատասխանատվությունն է իշխում կայքերում. գրում են ինչ պատահի, ինչպես պատահի, ու երբ գալիս է պատասխանատվության պահը, իսկույն չքվում են:

Իսկ ինչ է անհրաժեշտ անել. առաջին՝ եթե թաքնված, անհայտ որեւէ մեկի կողմից պաշտպանող կամ վարկաբեկող գրառում է կատարվել, որը տեղ է գտել որեւէ կայքում եւ հնչեղություն ստացել, ապա պատասխանատվություն կրողը պետք է լինի կայքը: Դրա համար նախ անհրաժեշտ է, որ էլեկտրոնային կայքերը պատշաճ գրանցում ունենան:

Երկրորդ՝ որպեսզի էլեկտրոնային լրատվամիջոցը պատասխանատվություն կրի, պետք է պատշաճ գրանցված լինի պետական մարմնում. ունենա ՍՊԸ, հասցե, հեռախոսահամար, պատասխանատու, որը հասանելի է, այլ ոչ թե ձեւական ինչ-որ անուն: Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի գտնել խմբագրին ու պատասխանատվության ենթարկել, եթե նա գումարի դիմաց կամ այլ շահագրգռվածությամբ վերցրել ու իր կայքում է տեղադրել այս կամ այն գրառումը` վիրավորելով որեւէ մեկին:

Բայց քանի որ մեր երկրում սահմանադրական փոփոխություններով են զբաղված պետական այրերը, եւ այս ոլորտը օրենսդրական կարգավորման չեն ենթարկում, ուստի միմյանց վիրավորելու կեղտոտ ավանդույթը դեռ կշարունակվի: Ցավոք:

Հ. Գ. ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, իհարկե, փորձեց կեղծ էջերով միմյանց վիրավորելու երեւույթը կանխելու համար օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, բայց չստացվեց, քանի որ ձեւակերպումները այնպիսին էին, որ տուժում էին բարեխիղճ լրատվամիջոցները` ֆեյքերի համար գործունեության դաշտը նույնը թողնելով:

Քնար Մանուկյան




Լրահոս